Խաղաշրջանը «ցնցելու» երկրորդ փորձը

Հետո օպերայի անունը խմբագրվեց «Երկրաշարժ»։ Լիբրետոյի հիմքում 19-րդ դարի սկզբին գրված Հայնրիխ ֆոն Կլյաստի «Երկրաշարժը Չիլիում» պատմվածքն է, որում իրադարձությունները կոնկրետ վայրի ու իրադարձությունների հետ զուգահեռներ չունեն։

«Երկրաշարժ» օպերայի սյուժեն բազմաշերտ է ու խճճված, հիմքում սերն է ու մարդ արարածի բնության մասնիկ լինելու խնդիրը։ Հերոսուհին պիտի կախաղան բարձրանա, ու նա Բարձրյալից խնդրում է փրկել իրեն ու բանտում գտնվող իր սիրեցյալին, ու երկինքը, ի պատասխան աղաչանքներին, ցնցում է հողը։ Աղջիկն ու տղան փրկվում են, սակայն ողբերգությունը տեղափոխվում է շրջապատ։

Օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է Տերտերյանի մահից հետո։ 2003թ. այն բեմադրվել է Մյունխենի՝ ժամանակակից օպերաների բեմադրությունների գործում մեծ համբավ վայելող Պետական օպերային թատրոնում: Ընդ որում՝ այս բեմադրությունը ոչ միայն լավագույնը ճանաչվեց Եվրոպայում, այլև Գերմանիայում արժանացավ Վոլֆ Էբերմանի անվան միջազգային մրցանակի, որը երեք տարին մեկ շնորհում է Միջազգային թատերական ինստիտուտի երաժշտական կոմիտեն։

Հայրենիքում մեծ կոմպոզիտորի օպերան բեմադրվեց գերմանական պրեմիերայից միայն հինգ տարի անց՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ և Լևոն Իվանյանի բեմադրությամբ։ «Օպերային թատրոնը կարելի է թանգարանի հետ համեմատել, որտեղ տարբեր ոճի նկարներ կան, այսինքն՝ տարբեր է ռեպերտուարը։

Այս օպերայի ընտրությունը նշանակում է, որ մենք գոնե փորձում ենք հարուստ խաղացանկ-«հավաքածու» ստեղծել»,– այս իրադարձությանն արձագանքեց օպերային մեներգիչ Բարսեղ Թումանյանը։ 2008թ. պրեմիերայից հետո «Երկրաշարժ»-ը Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում ևս չորս անգամ բեմադրվեց։ Այնուամենայնիվ, այն վերջին երկու տարիներին բեմ չի բարձրացել։

Ինչ խոսք, Ավետ Տերտերյանի երաժշտությունը դժվար է լսել, այն նման է ծիսական արարողության, որտեղ աղմուկ, երկար դադարներ, պոռթկումներ ու լռություն կա։ Կոմպոզիտորի համար լռությունը նույնպես երաժշտություն է՝ հնչյունները ննջում են ու սպասում, թե երբ են թնդալու և պատռելու լռության պատյանը։

Դեկտեմբերի 12-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կրկին «Երկրաշարժ»-ը կլինի: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն ասում է, որ ներկայացումը հարստացվել է: Օպերան գերմաներեն է լինելու։ Հանդիսատեսի համար բեմում երկու մեծ էկրան կտեղադրվի, որոնց վրա կարտաբերվի թարգմանությունը՝ չորս լեզուներով:

Կհաջողվի՞ արդյոք օպերային թատրոնի ղեկավարության խաղաշրջանի բազմազանության երկրորդ այս փորձը: Ամեն դեպքում, այն, որ թատրոնն այս ճանապարհին ընտրել է հնչողությամբ գերժամանակակից, ավանգարդիստական մի ստեղծագործություն, լավատեսական ակնկալիքների տեղիք է տալիս: 

Մեկնաբանել