Շռայլ՝ կաշառելիս

Աշխարհի «կեղտոտ փողերը» $1 տրլն են

Աշխարհում ամեն տարի կաշառքների վրա ծախսվում է $1 տրլն։ Երեկ այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ նրա՝ թեև այս գումարը համադրելի է խոշոր տնտեսություների ՀՆԱ-ի ցուցանիշներին, կոռուպցիան չարորակ ուռուցքի պես ախտահարում է պետությունների ողնաշարը՝ խոչընդոտելով նրանց զարգացումը։ Այն սերտորեն կապված է հանցավորության, փողերի լվացման, թմրանյութերի վաճառքի հետ և մեծապես ազդում է պետությունների քաղաքական կայունության վրա։

Ֆեդոտովը վերջին այս տեսանկյունից առանձնացրել է «Արաբական գարունը»՝ նշելով, որ արաբական երկրներում ժողովրդական զանգվածների ակտիվացման հիմնական խթաններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է եղել։ Նրա կարծիքով՝ հասարակություններն այսօր կոռուպցիայի դեմ պայքարում ավելի վճռական քայլեր են ակնկալում, ինչն այս հարցում միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համար լրացուցիչ խթաններ և հնարավորություններ է ստեղծում։

Մեկնաբանել