Բանկերը հաճախ իրար խանգարում են

«Գնահատելով այդ մրցակցությունը և Հայաստանում հաճախորդների սահմանափակ թիվը՝ մենք գիտակցում ենք, որ ագրեսիվ զարգացումն այլընտրանք չունի»,– ասել է նա՝ հավելելով, որ հաջորդ տարիների «Կոնվերս բանկ»-ի ռազմավարությունն ագրեսիվ աճն է՝ «բոլորի համար» կարգախոսին համապատասխան: «Հատկապես շեշտադրվելու են մանրածախ բանկային ծառայությունները:

Դա նշանակում է Հայաստանի բոլոր մարզերում մասնաճյուղային ցանցի ընդլայնում և հասանելիություն յուրաքանչյուր քաղաքացու համար: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս սուր մրցակցության պայմաններում մեր առաջարկած ծառայությունները լինեն մրցունակ, իսկ ծառայությունների որակը՝ բարձր: Ընդ որում՝ չի բացառվում բանկի ոչ օրգանական ընդլայնումը՝ այլ ֆինանսական կառույցի ձեռքբերման միջոցով»,– ասել է նա:

Խոսելով ստեղծված մրցակցության պայմաններում փոքր բանկերի շահույթով աշխատելու մասին՝ Դավթյանը նշել է, որ սովորաբար այդ փոքր բանկերն ընտրում են իրենց թիրախային խումբը, ընդհուպ մինչև բաժնետիրոջ հետ փոխկապակցված ընկերությունների հետ աշխատելը, որտեղ, կարծես, իրենց վատ չեն զգում: «Սակայն կարծում եմ, որ վաղ թե ուշ սեփականատերերին այլևս հետաքրքիր չի լինի պահել այդ փոքր բանկերն իրենց փոքր շահութաբերությամբ:

Նրանցից շատերի ROE-ն (սեփական կապիտալի եկամտաբերությունը) բավականին ցածր մակարդակի վրա է»,– նշել է Դավթյանը՝ հավելելով, թե այսօր ներդրողի համար բացարձակապես հետաքրքիր չէ պահել բանկ, որն ունի 10%-ից ցածր եկամտաբերություն, քանի որ այդ նույն գումարները կարելի է ավանդ դնել բանկում և ստանալ նույն եկամտաբերությունը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք բանկային համակարգը լիովին հաղթահարել է ճգնաժամի հետևանքները, և որքանով է Հայաստանը պատրաստված դիմակայելու նոր արտաքին ցնցումներին՝ Դավթյանը նշել է, որ եթե ավելի խորը ուսումնասիրվեն հաճախորդների ֆինանսատնտեսական ցուցանիշները, կարելի է տեսնել, որ ճգնաժամի արդյունքները դեռ ամբողջովին չեն վերացել: «Եթե ճգնաժամը հարվածի Հայաստանին ևս մեկ անգամ, ինչը, բոլոր վերլուծաբանների կարծիքով, անխուսափելի է, թերևս բանկային համակարգը կկարողանա դրան դիմակայել»,– ասել է Դավթյանը։

Ըստ նրա՝ ավելի բարդ կլինի այլ շուկաների հետ քիչ թե շատ ինտեգրված և տրանսֆերտներից «սնվող» տնտեսավարող սուբյեկտների դրությունը, ինչն էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա վարկերի վերադարձելիության վրա:

«Եվրոպայում և ԱՄՆ-ում ընթացող գործընթացները չեն կարող չազդել դոլարի ու եվրոյի վրա, իսկ հաշվի առնելով մեր տնտեսության դոլարիզացիան՝ դա առավել վտանգավոր է: Բանկերի վարկային պորտֆելները Հայաստանում 70%-ով դոլարային են: Ստանալ եկամուտներ դրամով և վերցնել դոլարային վարկ՝ նշանակում է ընկնել արտարժութային ռիսկի տակ»,– ասել է Դավթյանը։ 

Մեկնաբանել