Առաքելությունը հիմնականում իրագործված է՝ բռնապետները (ոմանց համար՝ չակերտներով, ոմանց համար՝ առանց) տապալված են: Ժամանակն է մտածելու հարցի գնի շուրջ: Ինչի՞ էին ձգտում նրանք, ինչի՞ հասան և արդյոք ստիպված չե՞ն լինելու զղջալ հետևանքների համար։
Շատերի համար սառը ցնցուղ էին Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքները՝ լիբերալ, աշխարհիկ, արևմտամետ կուսակցությունների պարտություն և իսլամիստների հաղթարշավ. ու ոչ միայն չափավոր համարվող «Մուսուլման եղբայրներ»-ի, այլև «Ան Նուռ» կուսակցության սալաֆիականների, որոնք եգիպտացիներից պահանջում են ապրել բացառապես շարիաթի օրենքներով և այրում են ղպտիական եկեղեցիները:
Եթե հաջորդ տարի խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո Եգիպտոսում իշխանության գան արմատականները, հարցի գինը միջազգային հանրության համար չափազանց բարձր կլինի։ Իսլամիստները ծրագրում են չեղյալ հայտարարել Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիրը, ինչը Մերձավոր Արևելքին սպառնում է նոր ճգնաժամով:
Եթե եգիպտացի զինվորականները վերադառնան Սինայ թերակղզի, տարածաշրջանում թեժ կետերի թիվը կավելանա ևս մեկով: Նշանակում է՝ հարկ է մտածել այնտեղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու ուղղությամբ, ինչը ենթադրում է հարյուրավոր միլիոնների չնախատեսված ծախսեր: Սա «իսկը տեղին է» համաշխարհային ֆինանսական ճգնաժամի թեժ պահին։
Մի քանի անգամ ավելի թանկ կարող է արժենալ Լիբիան: Եթե իրականություն դառնա ամենահոռետեսական սցենարը, եթե երեկվա հեղափոխականները չկարողանան խաղաղ ճանապարհով կիսել իշխանությունն ու սկսեն պատերազմել մեկը մյուսի դեմ, երկիրը պարզապես կքայքայվի:
Լիբիան դեռ գնդապետ Կադաֆիի օրոք էր դժվար միասնական պահել, առավել ևս այսօր, երբ լիակատար քաոս է՝ Բենղազին՝ ընդդեմ Միսուրատայի, Միսուրատան՝ ընդդեմ Ազ Զինտանի, Ազ Զինտանը՝ ընդդեմ Բանի Վալիդի, գրոհով վերցված Սիրտը՝ ընդհանրապես ընդդեմ բոլորի։
Լիբիայի սոմալիականացումը միանգամայն իրատեսական սցենար է, ինչն աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայի համար։ Սոմալին դեռ հեռու է, Լիբիան մոտ է, շատ մոտ՝ Միջերկրականի մյուս ափին: Իհարկե, քաոսն այս երկրում կփորձեն կանխել, բայց ի՞նչ գնով։ Ստիպված չե՞ն լինի արդյոք 20 տարով «երկնագույն սաղավարտներ» ուղարկել այնտեղ։