Պահել ինչ մնացել է

Նախկինում այս հուշարձանները լքյալ և թափուր գույքի կարգավիճակ ունեին։ Առայժմ հստակ տեղեկություններ չկան, թե կոնկրետ պատմական որ հուշարձանների մասին է խոսքը։ Հստակ է այն, որ որոշումը չի տարածվելու մզկիթների վերածված հայկական բազում հուշարձանների, այդ թվում՝ եկեղեցիների վրա։

Հայկական հուշարձանները մշակութային ժառանգություն ճանաչելու նպատակով թուրքական դատարան էր դիմել Թուրքիայում գործող «Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության ընկերություն»-ը։ Կազմակերպության ղեկավար Ազիզ Դաղըջն իր գոհունակությունն է հայտնել թուրքական դատարանի այս որոշման վերաբերյալ։ Նա չի բացառել անգամ այն, որ Թուրքիայի Մշակույթի նախարարությունը որոշ հուշարձաններ փոխանցի կազմակերպության վերահսկողությանը։

Հարկ է նշել, որ սա Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձանների պահպանման և վերանորոգման ուղղությամբ Սասունի հայերի միության առաջին քայլը չէ։ Կազմակերպությունն իր գործունեության հիմքում դնում է Լոզանի պայմանագրի այն հոդվածը, որը թուրքական պետությանը պարտավորեցնում է պահպանել երկրի տարածքում գտնվող կրոնական փոքրամասնություններին պատկանող հուշարձանները։

Սասունի հայերի միությունը նամակով դիմել է նաև Թուրքիայի Մշակույթի նախարարություն, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սասունի Մարութա լեռան Սբ Աստվածածին վանքի վերանորոգման թույլտվություն ստանալու համար։

Այժմ, ըստ թուրքական որոշ աղբյուրների, Թուրքիայում կանգուն է ընդամենը 151 հայկական եկեղեցի, այն էլ հիմնականում երկրի արևմտյան շրջաններում ու Ստամբուլում: 151 եկեղեցիներից 34-ը գործող են, որից 28-ը՝ Ստամբուլում: Ըստ Ցեղասպանության ինստիտուտի տվյալների՝ մինչև 1915թ. Օսմանյան կայսրությունում գոյություն ուներ ավելի քան երեք հազար հայկական եկեղեցի, որոնցից 2200-ը՝ Արևմտյան Հայաստանում:

Ինչպես ցույց է տալիս Սասունի հայերի փորձը, Լոզանի պայմանագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի ու միջազգային այլ կառույցների, ինչպես նաև Թուրքիայի դատական համակարգի որոշ մեխանիզմներ կարող են օգնել պահպանելու Թուրքիայի տարածքում մնացած հայկական վերջին եկեղեցիները։ 

Մեկնաբանել