«Նրա աչքերի գաղտնիքը»

Դեկտեմբերի 9-11-ը Երևանում՝ «Մոսկվայի տանը», արգենտինյան կինոյի փառատոն էր։ Ցուցադրվեց հինգ ֆիլմ՝ Խուան Խոսե Կամպանելյայի «Նրա աչքերի գաղտնիքը», Խուան Տարատուտոյի «Ո՞վ է ասել, որ հեշտ է», Ալեխանդրո Ագրեստիի «Վալենտինի երազանքը», Սեբաստիան Բորենշտեյնի «Խաղաքարերը նետված են» և կրկին Կամպանելյայի՝ «Հարսնացուի որդին»։

Փառատոնը բացեց 2010թ. «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Օսկարի արժանացած «Նրա աչքերի գաղտնիքը»։ Կամպանելյայի ֆիլմն արժանացել է նաև երկու «Գոյա» մրցանակների, եղել BAFTA-ի և European Film Awards-ի մրցանակների հավակնորդ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Խուան Խոսե Կամպանելյան այսօր արգենտինյան կինոյի ամենահայտնի ռեժիսորներից է, նա աշխատում է նաև Հոլիվուդում (Dr. House, Law & Order):

Կամպանելյայի «Նրա աչքերի գաղտնիքը» երկու ժամանակաշրջան է ընդգրկում՝ 70-ականները և 90-ականները: Ոչ վաղ անցյալում քննիչ Բենխամին Էսպոզիտոն որոշում է վեպ գրել դատական մի գործի մասին, որը քննել է երեսուն տարի առաջ։ Էսպոզիտոն գործի է գցում հիշողության դաժան մեքենան՝ փորձելով նորից վերապրել և վերլուծել 70-ականներին կատարված իրադարձությունները, վերհիշել ոչ միայն ցնցումը, որն ապրել է երիտասարդ մի կնոջ վայրագ բռնաբարությունն ու սպանությունը քննելիս, այլև զոհի ամուսնու՝ Մորալեսի ապրումները։

Էսպոզիտոյին ժամանակին հաջողվել էր, թեև փոքր ինչ տարօրինակ ճանապարհով, գտնել հանցագործին, որին, սակայն, կարճ անց ազատ էին արձակել։ Պատմությունն անավարտ էր մնացել, և այժմ՝ երեսուն տարի անց, քննիչն ավարտ է փնտրում, ու միաժամանակ՝ կյանքի իր այս տարիների բացատրությունը։

Էսպոզիտոն փորձում է վեպ գրել սպանված կնոջ ամուսնու՝ Մորալեսի անունից, որի զգացմունքները մահացած կնոջ հանդեպ անմոռանալի հետք են թողել իր հիշողություններում։ Ոչինչ չի ստացվում: Ու անսպասելիորեն պարզվում է, որ պատմությունն իրականում իր՝ քննիչի մասին է։

Պատմությունը պիտի վերաիմաստավորի իր անձնական հարաբերությունները բոլորի՝ իր հարբեցող ընկերոջ հետ, Իրենի հետ, որին նա անհույս սիրահարված էր տարիներ շարունակ, Մորալեսի հետ: Այն, միգուցե, պիտի հնարավորություն տա ինչ-որ բան փոխել ուրվականներով և ափսոսանքներով լի իր միայնակ կյանքում։

Երկու ժամ տևող ֆիլմում մի քանի ժանր է միախառնված, և դրանցից ոչ մեկն ավանդական չի ներկայանում: Դետեկտիվն ավարտվում է ուղիղ ֆիլմի կեսին, թեև մարդասպանը վաղուց էր հայտնի։ Դրաման՝ Բենխամինի և արիստոկրատ գեղեցկուհի Իրենի սիրային պատմությունը, միահյուսված է ողջ ֆիլմին՝ լատինամերիկյան կինոյին ոչ հատկանշական նորդական զուսպ և սառը դրսևորումներով: Ու վերջապես՝ սոցիալական ողբերգությունն ուրվագծվում է արգենտինացու աչքերով՝ երբեմն հաշվի չառնելով, որ այն պարզապես անհասկանալի է օտարերկրացուն։

Տարօրինակ կերպով, իսկ ավելի ճիշտ՝ ռեժիսորական և դերասանական փայլուն աշխատանքի շնորհիվ այս ամենը վերածվում է էպիկական մի պատմվածքի մեղքի և զոհաբերության, վրեժի և սիրո մասին:

Լատինամերիկյան էսթետիկան միշտ չէ, որ հասկանալի է հոլիվուդյան շքեղ ու աղմկոտ կինոյին վարժված հանդիսատեսին: Այն ուրիշ է նաև հոգեբանական և սենտիմենտալ եվրոպական ֆիլմերի համեմատ։

«Նրա աչքերի գաղտնիքը» չպատրաստված հանդիսատեսին կարող է ձգված, անհեթեթ դետեկտիվ թվալ՝ մի շարք ավելորդ էպիզոդներով։ Սակայն մի փոքր ավելի ուշադիր ու համբերատար հանդիսատեսը ֆիլմում Բուենոս Այրեսի ճարտարապետության հիասքանչ, մասշտաբային պատկերներ կհայտնաբերի, չքնաղ երաժշտություն, սյուժեի բարդ ու հետաքրքիր կառուցվածք, հումոր, կարևոր մի շարք հարցադրումներ։

Ֆիլմը հարուստ է թևավոր խոսքերի հավակնող մի շարք արտահայտություններով, որոնք հուշում են սցենարիստների իրական մտահղացման մասին՝ զգուշորեն վարվեք ձեր հիշողության հետ, խնամքով ընտրեք հուշերը, չէ որ կյանքի վերջում դրանք ձեր միակ կարողությունն են լինելու: Եվ ևս մեկը՝ ոչ ոք չի կարող դավաճանել իր կրքին, այն վաղ թե ուշ իրենը հետ է վերցնելու։ 

Մեկնաբանել