«ՔՐՈՆԻՄԵՏ»-ի արձագանքը քաջարանցիներին

«ՔՐՈՆԻՄԵՏ»-ի հաղորդագրությունում նշված է, որ ԶՊՄԿ-ի ղեկավարությունն ընդունում է ՀՀ Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման իրականացման արդյունքում ծագած խնդիրների, քննարկումների, առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ քաղաքացիների դիմումները՝ այդ քաղաքացիների համար հնարավորինս շահավետ և ընդունելի լուծումներ տրամադրելով:

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ն երաշխավորում է, որ ԶՊՄԿ-ն գործում է բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում, մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության պահանջներին՝ հաշվի առնելով նրանց շահերը… ԶՊՄԿ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը՝ ապահովելով ավելի քան 3100 ուղղակի աշխատատեղ, իսկ ենթակապալառու կազմակերպությունների միջոցով ստեղծված աշխատատեղերի քանակն անցնում է 10,000-ը:

Այսօր ԶՊՄԿ-ն ՀՀ խոշորագույն հարկատուն է. 2011թ. ինը ամսվա արդյունքներով ձեռնարկությունը պետական բյուջե է վճարել շուրջ Դ22,5 մլրդ-ի հարկ: Ձեռնարկության արտադրանքի իրացման դիմաց ստացված եկամուտները կազմում են ՀՀ արտարժութային հոսքերի զգալի մասը:

ԶՊՄԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում նաև երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը: Այսպիսով՝ ընկերությունը մշտապես մշակում և իրականացնում է բազմաբնույթ սոցիալական, կրթական և մշակութային ծրագրեր հանրապետության ողջ տարածքում՝ տրամադրելով զգալի ֆինանսական միջոցներ:

Ներդրողի և ԶՊՄԿ-ի կողմից պետության և հասարակության առջև ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը ենթադրում է արտադրական հզորությունների հետագա ընդլայնում, ինչը պարզորոշ արտացոլված է պետության հետ ունեցած մի շարք պայմանագրերում:

Այդ պարագայում, հաշվի առնելով Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բացահանքի ընդլայնման հեռանկարները, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ս.թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ Սյունիքի մարզի համապատասխան համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ՝ փոխել է այդ հողերի նպատակային նշանակությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրել ԶՊՄԿ-ին:

Այս դեպքում գերակա պետական շահը պայմանավորված է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի բացահանքի ընդլայնման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Ընդլայնման այս ծրագիրն ուղղակիորեն կնպաստի արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների աճին՝ դրանով իսկ խթանելով Հայաստանի տնտեսական կայունությունը և դիվերսիֆիկացիան, ամրապնդելով արտահանման ներուժը, ապահովելով աշխատատեղեր և եկամուտ քաղաքացիների համար, ինչպես նաև թույլ կտա շարունակաբար բարձրացնել երկրի միջազգային վարկանիշը: 

Մեկնաբանել