Խճճված գծեր

Երևանն էլ պարզապես ցանկանում է այն օգտագործել հայ-իրանական «գազ-էլեկտրաէներգիա» սխեմայով արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացնելու համար։

Նախօրեին News.am լրատվական կայքը հրապարակել էր Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադի՝ իրանական «Միհր» գործակալության հետ հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե Հայաստանի, Իրանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ծավալներն ավելացնելու նպատակով կառուցվող 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծը եվրոպական երկրների հետ տարանցման և էլեկտրաէներգիայի փոխանակման նոր երթուղի կդառնա:

Ըստ փոխնախարարի՝ էլեկտրահաղորդման նոր գիծը կառուցվում է Վրաստան, հետագայում նաև Ռուսաստան և եվրոպական այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով: Իրանցի պաշտոնյան նշել է, որ ներկայում Իրանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը կատարվում են Ադրբեջանի տարածքով։

Խճճված գծեր

Իրանի և Հայաստանի էներգահամակարգի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ավելացնելու նպատակով նոր երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցման համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ 2004թ., իսկ անցած տարվա վերջին տրվել է շինաշխատանքների մեկնարկը։ Այս ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է Իրանի «Զարգացման, արտահանման բանկ»-ը:

Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի շինարարության արժեքը գնահատվել է €107,9 մլն։ Երկշղթա օդային գծի՝ Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը 275 կմ է (Իրանի սահմանից մինչև «Նորավան» ենթակայան 80 կմ է, «Նորավան» ենթակայանից մինչև Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկ՝ 195 կմ): Իրանի տարածքում օդային գծի շղթաներից մեկը (մոտ 100 կմ) միանալու է «Ահար» ենթակայանին, իսկ երկրորդ շղթան (մոտ 63 կմ) միանալու է «Ջուլֆա» ենթակայանին:

Հայաստանի տարածքում 400 կՎ երկշղթա օդային գծի վերջնակետը (Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկ) վկայում է այն մասին, որ այդ օդային գիծը հիմնականում ծառայելու է «գազ-էլեկտրաէներգիա» սխեմային, որով ներկայում աշխատում է Երևանի ջէկը (1 խմ գազի դիմաց իրանական կողմին առաքվում է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա), իսկ «Հրազդան-5»-ի ընդգրկումը այս սխեմայում անհրաժեշտություն է։

Խնդիրն այն է, որ 2004թ. ստորագրված հայ-իրանական պայմանագրով՝ Իրանը Հայաստանին պետք է տարեկան մատակարարեր մինչև 1,1 մլրդ խմ գազ, իսկ 2014-ից այդ ծավալը պետք է կազմի մինչև 2,3 մլրդ խմ: Երևանի ջէկի շոգեգազային ցիկլով աշխատող նոր էներգաբլոկի հզորությունը 271,7 ՄՎտ է, որտեղ հնարավոր է տարեկան արտադրել շուրջ 1,5 մլրդ Կվտ/ժ և սպառել շուրջ 300 մլն խմ իրանական գազ։

Սա նշանակում է, որ պայմանագրով ամրագրված ծավալները բավարարելու համար անհրաժեշտ է այդ սխեմայում ներառել նոր հզորություններ՝ ի դեմս «Հրազդան-5»-ի (դրվածքային հզորությունը՝ 480 ՄՎտ), որը տարվա կտրվածքով կարող է արտադրել շուրջ 2,5 մլրդ Կվտ/ժ՝ սպառելով 600 մլն խմ իրանական գազ։ «Գազ-էլեկտրաէներգիա» սխեմայում «Հրազդան-5»-ի ընդգրկումը մեծապես կախված է նոր էլեկտրագծի շահագործումից։

Եթե 400 կՎ երկշղթա օդային գծի կառուցումից հետո Իրանը պնդի, որ այն պետք է օգտագործվի էլեկտրաէներգիայի տարանցման համար, Հայաստանը կարող է հայտնվել անհարմար վիճակում. մի կողմից դժվար կլինի ապահովել «գազ-էլեկտրաէներգիա» սխեմայով ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից՝ «Հրազդան-5»-ը խնդիր կունենա ներդրումների վերադարձելիության առումով, քանի որ վերջինիս ապագա եկամտաբերությունը կապվում է հենց «գազ-էլեկտրաէներգիա» սխեմայի հետ:

Էլեկտրաէներգիայի համար տարանցիկ երկիր Հայաստանը կարող է դառնալ միայն Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման դեպքում։ Թեև այդ ծրագրի համար ըստ էության առկա են միջոցներ (2008թ. պայմանագրով գերմանական KfW բանկը պետք է հատկացներ €20,4 մլն վարկային միջոցներ), իսկ շինաշխատանքները պետք է սկսեին անցած տարվա սկզբին, էլեկտրագծի շինաշխատանքներն այդպես էլ չեն սկսվել։