Տարօրինակ լուրջ որոշում

«Դուր է գալիս դա որևէ մեկին, թե ոչ՝ Պուտինն առայժմ միակն է, ով գոնե ինչ-որ կերպ կառավարում է այս ոչ արդյունավետ պետական ապարատը», և «Մեդվեդևը՝ որպես ցուցակի առաջնորդ, կկարողանա արդյունավետ ղեկավարել Դուման՝ այն դարձնելով բանավեճերի և օրենսդրական նախաձեռնությունների կենտրոն»։ Մի տեսակ տարօրինակ է նման տրամադրությամբ ընտրությունների գնալը, գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթի վերլուծաբան Մաքսիմ Սոլյուսը։

Ունի՞ արդյոք Պրոխորովը ընտրություններում զգալի թվով ձայներ հավաքելու շանս։

Մի կողմից՝ նա չափազանց հեռու է ժողովրդից: Ընտրողի տեսանկյունից Պրոխորովը երկու արժանիք ունի՝ կարմրահեր չէ և հրեա չէ։ Քաղաքական գիծ կառուցելու նրա ունակությունների մասին խոսում է արդեն մեջբերված գրառումը բլոգում, քաղաքական նորմալ մենեջերներ գտնելու ունակության մասին՝ «Պրավոյե դելո» կուսակցության տապալումը։

Մյուս կողմից՝ չափազանց հարմար պահ է։ Վերջին ցույցերը պարզ ցույց տվեցին, որ մարդկանց դուր չի գալիս ոչ այնքան իշխանությունը, որքան իրադրությունը իշխանական վերնախավում։ Մարդիկ մի կողմ թողեցին ծուլությունը, հետաձգեցին գործերը և եկան ընտրության։ Հետո եկան ցույցի, ընդ որում՝ շատերը առաջին անգամ։

Այս մարդկանց տրամադրությունը լավագույնս փոխանցում է շաբաթ օրը «Բոլոտնայա» հրապարակում հնչող կարգախոսը. «Ես այդ սրիկաների օգտին չեմ քվեարկել։ Ես ուրիշ սրիկաների օգտին եմ քվեարկել»։ Որովհետև քվեարկելու հարմար կուսակցություն էլ չկար։ Երբ հարցնում ես՝ ում օգտին ես քվեարկել, բոլորը սկսում են մի տեսակ անհայտ ուղղությամբ նայել. գործող կուսակցություններից ոչ մեկին էլ հնարավոր չէ ձայն տալ այնպես, որ հետո չամաչես այդ մասին խոստովանելիս։

Ու քանի դեռ նախագահական ընտրություններում հին, ժամանակի փորձությունն անցած ցանկն է լինելու, Պրոխորովը շանս ունի։ Համաձայնեք՝ «Ո՞ւմ օգտին» հարցին ի պատասխան՝ «Ես, բացի Պրոխորովից, այնտեղ ոչ մեկին չեմ տեսնում» պատասխանելը, այնուամենայնիվ, նվազ տհաճ է, քան «Միրոնովի (Զյուգանովի, Յավլինսկիի) օգտին, որպեսզի ձայնս չգողանան»-ը։ Այսինքն՝ Պրոխորովն ընդդեմ Պուտինի քվեարկելու և հետագայում առանձնապես չամաչելու հնարավորություն է տալիս։ Սա է նրա յուրօրինակ քաղաքական առաջարկը։

Մի խոսքով՝ ես քվեարկում եմ Պրոխորովի օգտին։