Հայացք ժամանակակից արվեստին

Պատկերագրքի հեղինակն ազգությամբ պարսիկ, իտալաբնակ լրագրող և արվեստի փրոմոութեր Ասիե Նասեհի-Ջավանն է։ «Ժամանակակից արվեստը խնդիր ունի Հայաստանում: Այն կոմերցիոն չէ, ազգայնական միտումներին հարող չէ, օֆիցիոզ արվեստ չէ, այն աշխարհի հետ երկխոսելու և արդիական խնդիրներին ուղղված արվեստ է, այդ իսկ պատճառով սատարման կարիք ունի»,– ցուցադրությունը «Օրակարգ»-ի թղթակցին մեկնաբանեց այն համադրող Լիլիթ Սարգսյանը։

Հեղինակի պայմանն է եղել պատկերագրքում ներառել միայն հայաստանաբնակ, այսօր ստեղծագործող ու առավելապես երիտասարդ արվեստագետների աշխատանքները՝ կերպարվեստ, քանդակ, գրաֆիկա։ Ու քանի որ հայաստանյան ժամանակակից արվեստի հիմքերը դեռ խորհրդային տարիներում են, ներառվել են նաև ավագ սերնդի ներկայացուցիչներից մի քանիսի աշխատանքները։

Ըստ Լիլիթ Սարգսյանի՝ 36 անունն իհարկե քիչ է ժամանակակից արվեստն ամբողջությամբ ներկայացնելու համար, բայց ընտրվել են նրանք, ում շնորհիվ հնարավոր է ստանալ ընդհանուր պատկեր՝ ինչ ճանապարհ է անցել հայ ժամանակակից արվեստը և ինչպիսին է այն այսօր:

Յուրաքանչյուր արվեստագետի համար պատկերագրքում առանձնացված է չորս էջ՝ որից առաջինում նրա կենսագրականն է, հաջորդող երեքում՝ մեկական կամ երկուական աշխատանքներ։ Պատկերագիրքը լույս է տեսել 1000 օրինակով և վաճառվելու է 10 հազ. դրամով։ Այն տարածվելու է նաև տարբեր աշխարհի մի շարք երկրներում ՄԱԿ-ի գրասենյակների միջոցով:

Ցուցահանդեսին ներկայացված էին Կարինե Մացակյանի, Վահագն Ղուկասյանի, Անիտա Առաքելյանի, Կարեն Բարսեղյանի, Գևորգ Սարգսյանի, Կարեն Օհանյանի, Կամո Նիգարյանի, Գագիկ Ենգիբարյանի և շատ ուրիշների աշխատանքները:

Վիզուալ արտիստ Արմինե Հովհաննիսյանը, որը հիմնականում գենդերային խնդիրների շուրջ է ստեղծագործում, ներկայացրել էր «Կարմիր խնձոր» ցուցանմուշը, որի բացատրականում կոչ էր անում ուտել կարմիր խնձորը և ոչ թե կռվել դրա պատճառով: Համընդհանուր ոգևորված ճառերի շարքում «Օրակարգ»-ին արված նրա հայտարարությունը փոքր-ինչ սթափեցնող է:

«Կատալոգի տեքստերը խայտառակություն են: Ես կամաչեմ այդ գիրքը որևէ տեղ ցույց տալ, իմ մասին այնտեղ անհեթեթ բաներ են գրված, դրանք ոչ մի կապ չունեն իմ կենսագրության և գաղափարների հետ։ Վստահ եմ՝ շատերը կհամաձայնեն»,– պատկերագիրքը ներկայացրեց նա։

Նկարիչ Նարեկ Ավետիսյանը, որը նույնպես օգնել է ցուցահանդեսի համադրման գործում, փորձեց խնդրին «պոզիտիվ» մոտենալ. «Փաստն ինքնին շատ ուրախալի է՝ պետական կառույցներն ուշադրություն են դարձնում, աջակցում են ժամանակակից արվեստի զարգացմանն ու տարածմանը: Որևէ կատարյալ բան չկա, բացի այդ՝ սա սուբյեկտիվ ընկալման հարց է»։

Ինչևէ, այդպես էլ անորոշ մնաց՝ միթե այդքան կարևոր է արվեստագետի կենսագրականը՝ նրա աշխատանքների գեղեցկությունն ընկալելու համար: Համենայնդեպս, փաստ է, որ 1995-ից հետո սա առաջին ամփոփ պատկերագիրքն է Հայաստանի ժամանակակից արվեստի մասին։ 

Մեկնաբանել