Ջրածնային վառելիք՝ ավտոհսկաներից

2012-ից General Motors-ը և BMW-ն գործընկերներ կլինեն

Ամերիկյան General Motors (GM) և գերմանական BMW ավտոարտադրողները մտադիր են գործընկերային պայմանագիր ստորագրել ջրածնային հիմքով վառելիքային բաղադրիչների համատեղ արտադրության նպատակով, հաղորդում է ֆրանսիական La Tribune տնտեսական պարբերականը։

GM-ն այս ոլորտում մեծ փորձ ունի և BMW-ի հետ համագործակցությունը նրան հնարավորություն կտա այս ուղղությամբ կատարվող ծախսերը կիսել գերմանացիների հետ։ Ըստ թերթի՝ բանակցությունները ավարտական փուլում են, և համագործակցության շուրջ պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2012թ. հունվարին ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում։

GM-ը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունները, իսկ BMW-ի մամուլի քարտուղարը նշել է, որ գերմանական ավտոարտադրողը դիտարկում է ամերիկյան ընկերության հետ նոր տեխնոլոգիաների նախագծման հնարավորությունը։

Նշենք, որ BMW-ն համագործակցում է ճապոնական Toyota-ի հետ էլեկտրական և հիբրիդային շարժիչներով տրանսպորտային միջոցների լիթիումաիոնային կուտակիչների նախագծման հարցում։ Գերմանական ավտոարտադրողը համագործակցում է նաև ֆրանսիական PSA Peugeot Citroen-ի հետ հիբրիդային ուժային համակարգերի նախագծման նպատակով։