ՕՊԵԿ-ի հույսը Իրաքն է

ՄԷԳ-ի նավթային կանխատեսումները

Մինչև 2016թ. Իրաքը կապահովի Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի նավթարդյունահանման ծավալի աճի 80%-ը։ Այսպիսի կանխատեսում է կատարել Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ): Այն նվազեցրել է նավթի համաշխարհային պահանջարկի սեփական կանխատեսումը 2011 և 2012 թթ. համար՝ 160 հազ. բարել/օր և 200 հազ. բարել/օր-ով, համապատասխանաբար։

Ըստ ՄԷԳ-ի կանխատեսման՝ մինչև 2016թ. ՕՊԵԿ-ի արդյունահանման ընդհանուր ծավալը 35,8 մլն բարել/օր-ից կաճի մինչև 38,1 մլն բարել/օր։ Ինչ վերաբերում է Իրաքին, ապա այն կարդյունահանի 4,36 մլն բարել/օր, ինչը երկուսուկես անգամ կգերազանցի անցած տարվա ցուցանիշը։ ՄԷԳ-ի հուլիսյան կանխատեսման համեմատ՝ Իրաքի նավթարդյունահանման գնահատումն ավելացել է մինչև 335 հազ. բարել/օր։ Պատճառը Իրաքում գործող քսան համատեղ ձեռնարկությունների բարեհաջող զարգացումն է։

Մյուս կողմից՝ գործակալությունն ավելացրել է նավթարդյունահանման աճի կանխատեսումը Լիբիայի համար, որտեղ 2011թ. քաղաքացիական պատերազմի պատճառով ածխաջրածինների արտադրությունը կտրուկ նվազել է։ Ակնկալվում է, որ Լիբիան արդյունահանման մինչպատերազմական մակարդակին՝ 0,5 մլն բարել/օր ցուցանիշին, կվերադառնա միայն 2014թ.։

Մտավախություն կա, սակայն, որ ՕՊԵԿ-ի երկրներում նավթի արդյունահանման ծավալների աճը կարող է զգալի չլինել Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման պայմաններում։ Եթե Եվրամիության երկրները հրաժարվեն գնել իրանական նավթը, ապա արդյունահանումն այս երկրում կարող է նվազել 900 հազ. բարել/օր-ով՝ մինչև 3 մլն բարել/օր։ Կարճաժամկետ հեռանկարում սա, իր հերթին, կարող է հանգեցնել ածխաջրածինների թանկացմանը։

Միաժամանակ, ՄԷԳ-ը նվազեցրել է նավթի համաշխարհային սպառման կանխատեսումը հաջորդ տարվա համար՝ Եվրոպայի պարտքային ճգնաժամի պատճառով։ Անգամ այս պայմաններում, նավթի պահանջարկը շարունակելու է աճել առաջիկա տարիներին։ Dow Jones-ի հաղորդմամբ՝ մինչև 2016թ. նավթի համաշխարհային սպառումը 88,3 մլն բարել/օր-ից կաճի մինչև 95 մլն բարել/օր։

Մեկնաբանել