Առանց «ինչպես»-ի պատասխանի

Համաշխարհային տնտեսության վերջին տասնամյակների զարգացման փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ կտրվածքով կայուն աճ ապահովում են ոչ թե արտահանմանն ուղղված, այլ ներդրումները խթանող ծրագրերը: Այսինքն՝ արտահանման աճը պետք է ածանցվի ներդրումներից, ոչ թե հակառակը:

Փոքր ներդրումներով արտահանման մեծ ծավալներ ապահովելը, ինչը այս ծրագրի հիմնային բանաձևն է, արդարացված չէ: Չունենալով ներդրումների խթանման պետական ծրագրեր՝ արտահանման ծրագրեր կյանքի կոչելը կարելի է դիտարկել ռիսկային, ինչ-որ տեղ՝ նույնիսկ արկածախնդրություն:

Ներկայացված փաստաթղթում ներդրումների անհրաժեշտ ծավալների վերաբերյալ հստակ ու հիմնավոր գնահատականներ չկան: Սակայն ծրագրի հեղինակները կարող են արդարանալ այն հանգամանքով, որ ընտրված թիրախները բավական համեստ են: Ենթադրվում է, որ 2015թ. արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 16%-ի, 2020թ.՝ 19%-ի:

Ներկայիս 11%-ի համեմատ սա, իհարկե, զգալի աճ է, սակայն չմոռանանք, որ ոչ հեռու անցյալում՝ 2003թ., արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր մոտ 24%: Այսինքն՝ առաջիկա տասը տարիների ընթացքում մենք նույնիսկ չենք հավակնում վերականգնել այն մակարդակը, որ ունեինք 6-7 տարի առաջ:

Հարկ է նշել, որ Ֆինանսների նախարարությունը մի հետաքրքիր հաշվարկ է ներկայացրել, ըստ որի՝ եթե արտահանման խթանման ոչ մի հատուկ միջոցառում չիրականացվի, ապա իր բնականոն աճով արտահանման ծավալը 2020թ. կհասնի ՀՆԱ-ի 17%-ին: Հարց է առաջանում՝ արժե՞ր հատուկ ծրագրեր գրել 19%-ին հասնելու համար:

Այնուամենայնիվ, ներկայացված ծրագրի հիմնական թերությունը ձևակերպումների անհստակությունն է: Օրինակ՝ նշվել է, թե արտահանող կազմակերպությունների համար հատուկ մաքսային ու հարկային ռեժիմներ պետք է ստեղծվեն: Թե որոնք են այդ հատուկ ռեժիմները, այնքան էլ պարզ չէ, այնինչ սա ամենաառանցքային ու սկզբունքային հարցերից է:

Զավեշտն այն է, որ նույնիսկ Պետեկամուտների կոմիտեն իր պաշտոնական եզրակացության մեջ նշել է, որ իր համար անհասկանալի է թե՛ «հատուկ մաքսային ռեժիմը», թե՛ «հատուկ հարկային ռեժիմը»: Պարզ չէ՝ այդ ռեժիմները ենթադրում են հարկային արտոնություննե՞ր, թե՞ վերաբերում են միայն ընթացակարգերին:

«Ինչպես»-ի պատասխանը չկա

Ընդհանրապես՝ ծրագրում տեղ գտած առաջարկությունների 90%-ը «բացման» կարիք ունի, քանի որ պարզապես դեկլարատիվ բնույթ է կրում, ծրագիրն ավելի շատ բարի ցանկությունների ժողովածու է հիշեցնում: Օրինակ՝ առաջարկվում է վարկերը հասանելի դարձնել: Սա մի առաջարկություն է, որի մասին նույնիսկ ոչ տնտեսագետներն են խոսում, իսկ տնտեսագետների խնդիրն այն է, որ ցույց տան, թե ինչպես այդ վարկերը պետք է հասանելի դառնան:

Իսկ այդ «ինչպե՞ս»-ի պատասխանը ծրագրում չկա: Կան առաջարկություններ, որ ընդհանրապես իմաստ չուներ այս ծրագրում նշել, քանի որ արդեն իսկ կիրառվում են, օրինակ՝ ներդրումային ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգումը:

Փոխարժեքն էական նշանակություն ունի արտահանման հարցում: Սա դասագրքային ճշմարտություն է, ուստի ենթադրվում էր, որ արտահանման աջակցող ծրագրերում հատուկ ուշադրություն կդարձվի փոխարժեքի քաղաքականությանը: Ծրագրի հեղինակները, սակայն, խուսափել են ընդգծել դրամի արժևորման բացառումը, առանց որի՝ որևէ արտահանման ծրագիր հնարավոր չէ իրագործել:

Ավելի ճիշտ՝ նման մի ակնարկ արվել է, բայց չափից ավելի զգույշ ու բազմաթիվ ենթատեքստերով: Նշվել է միայն, որ փոխարժեքը պետք է ունենա կանխատեսելի դինամիկա ու զերծ լինի անցանկալի տատանումներից, այնինչ արտահանման ռազմավարական ծրագիր ունեցող երկիրը պետք է վերանայի իր ողջ դրամավարկային քաղաքականությունը ու պետք է սկսի Կենտրոնական բանկի մասին օրենսդրության փոփոխություններից:

Այլապես այն զսպողական դրամավարկային շապիկները, որ ժամանակ առ ժամանակ ԿԲ-ն հագցնում է մեր տնտեսությանը, կարող են կասեցնել ու հետ գցել բոլոր տեսակի ներդրումային ու արտահանման ծրագրերը:

Հայկական ծրագրերն ունեն մի ընդհանուր թերություն: Դրանք բոլորը ենթադրում են ինչ-որ հատուկ մարմինների ստեղծում: Այս ծրագիրը նույնպես զերծ չէ դրանից: Առաջարկվում է վարչապետին կից Արդյունաբերական խորհուրդ ստեղծել, իսկ թե դա ինչով պետք է տարբերվի այդ նույն վարչապետին կից Գործարարության աջակցման խորհրդից, այնքան էլ հասկանալի չէ:

Հարցադրումներն իրոք շատ են, իսկ պատասխանները՝ չափից ավելի մշուշոտ: Ներկայացված ծրագիրը հիշեցնում է «Բուրատինոյի արկածները» հայտնի մուլտֆիլմը, որի հերոսները չգիտեին, թե ոսկե բանալին ո՞ր դուռն է բացելու: Եթե ընդունենք, որ ներկայացված ծրագիրը այդպիսի ոսկե բանալի է, ապա պարզ չէ, թե ի՞նչ դուռ է այն բացելու: 

Մեկնաբանել