«Քարտ բլանշ» ժողովրդին

Նոյեմբերի վերջին Հարավային Օսիայում կայացած ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց ընդդիմության թեկնածու Ալլա Ջիոևան, որը հաղթանակ տարավ Ռուսաստանի աջակցությունը վայելող իշխանությունների թեկնածուի նկատմամբ: Դեկտեմբերի 11-ին Մերձդնեստրում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում մոտ 40 տոկոսով առաջատարը ընդդիմության թեկնածու Եվգենի Շևչուկն է, Ռուսաստանի աջակցությունը վայելող թեկնածուն երկրորդ տեղում է, իսկ գործող նախագահ Սմիռնովը, որը երկիրը ղեկավարում է նրա կազմավորումից՝ 1990-ից ի վեր, ընդամենը երրորդն է:

Ռուսաստանի իշխանությունների ոչ ճկուն քաղաքականությունն այս երկրների նկատմամբ, ամեն գնով սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու միտումը փոքրիկ այս երկրների բնակչության մեջ թուլացնում է վստահությունը գերտերության նկատմամբ: Մերձդնեստրի և հատկապես Հարավային Օսիայի պայմաններում Ռուսաստանն իրեն այլընտրանք չի տեսնում, դրա համար էլ թույլ է տալիս ճկուն չլինելու շռայլությունը:

Արդյունքը՝ ավտորիտար ռեժիմներ թե՛ Մերձդնեստրում, թե՛ Հարավային Օսիայում, խայտառակ ճնշումներ և բռնություններ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների, հասարակական գործիչների նկատմամբ, անարդյունավետ կառավարում, Ռուսաստանի դաշնային բյուջեից հոսող միլիարդավոր ռուբլիների (հատկապես Հարավային Օսիայի դեպքում) ոչ նպատակային ծախսում:

Արցախի դեպքում Ռուսաստանի իշխանությունների դերը խաղում են հայաստանյան իշխանությունները: Ռուսական դաշնային բյուջեի դերը՝ ՀՀ պետական բյուջեն: Արդյունքում՝ ոչ ազատ երկիր, անկախ մամուլի և ազդեցիկ քաղաքացիական հասարակության գրեթե բացակայություն, քաղաքական ընդդիմության և այլընտրանքի չգոյություն, ուռճացված բյուրոկրատիա և որպես արդյունք՝ անարդյունավետ կառավարում, տարեցտարի ՀՀ-ից եկող միջպետական վարկի մեծացում և արցախյան միջոցների տեսակարար կշռի նվազում, հարկային մահակի օգտագործում անցանկալի գործարարներից ազատվելու համար:

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները ճկուն չեն Արցախի նկատմամբ. որովհետև Արցախն այլընտրանք չունի՞: Միգուցե՞ մազոխիստական հաճույք են ստանում նույնիսկ ճգնաժամի պայմաններում Արցախի ֆինանսավորումն ավելացնելուց, կամ նրանց դուր է գալիս Արցախը ՀՀ բյուջեից կախման մեջ գցե՞լը:

Ի՞նչ է նշանակում ՀՀ իշխանությունների համար լինել ճկուն Արցախի դեպքում: Դա առնվազն նշանակում է հնարավորություն տալ Արցախի ժողովրդին ընտրելու սեփական իշխանություններին: Բոլոր դեպքերում, ով էլ ընտրվի, աշխատելու է ՀՀ իշխանությունների հետ, լինելու է նրանց մարդը. Արցախն այլընտրանք չունի:

Այս դեպքում ՀՀ իշխանությունները կարող են տրված գումարների դիմաց արդյունավետություն պահանջել Ստեփանակերտից, աստիճանաբար կրճատել ամեն տարի Արցախ ուղարկվող զգալի գումարը՝ թույլ տալով, որ հայկական երկրորդ հանրապետությունում ստեղծվի կենսունակ, արդյունավետ գործող համակարգ, ի վերջո պատվիրակել Արցախի հարցում ունեցած պատասխանատվությունը՝ Ստեփանակերտին վերադարձնելով գործոն լինելու դերակատարությունը:

Իսկ եթե ՀՀ իշխանություններին ձեռնտու չէ Արցախի գործոն լինելը, իսկ եթե տարեկան հսկայական միջոցներ են հատկացվում հե՛նց դրա համար: Այդ դեպքում պետք է սպասել մերձդնեստրյան և հարավօսական օրինակների կրկնությանը:

Մեկնաբանել