Հայաստանն այլևս չի կարող հանդուրժել ներկայիս բարդ բիզնես միջավայրը. Գիերմո Տոլոսա

Հիշեցնենք, որ նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին հատկացրել է հերթական՝ չորրորդ տրանշը՝ $56,1  մլն («Բեկո՛ւմ արեք: ԱՄՀ-ն Հայաստանին փող և խորհուրդ է տալիս», «Օրակարգ», 14,12.2011թ.):

Գիերմո Տոլոսան փաստորեն հաստատել է «Օրակարգ»-ի՝ նախօրեին արած պնդումը, որ ԱՄՀ-ն դժգոհ է Հայաստանի կատարողականից և Կառավարությունից տնտեսությունում բեկումնային փոփոխություններ է ակնկալում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է, թե ԱՄՀ-ում ցանկանում են, որ Հայաստանի իշխանությունները արագացնեն տնտեսությունում իրականացվող բարեփոխումների տեմպերը:

Հարցին, թե «վճռական ճեղքում» ձևակերպումը արդյո՞ք նշանակում է, որ ԱՄՀ-ն դժգոհ է Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպերից, Տոլոսան պատասխանել է. «Մենք կարծում ենք, որ բարեփոխումները կարևոր են, և մենք ուրախ ենք, որ որոշ բարեփոխումներ հանգեցրել են [Հայաստանում] բիզնես միջավայրի որոշակի բարելավմանը: Բայց մենք նաև կարծում ենք, որ դեռ ավելին պետք է արվի:

Հատկապես այն պայմանների առկայության պարագայում, որոնց բախվում է Հայաստանը՝ միջազգային տնտեսության հետ կապված աճող հոռետեսական գնահատականները, և այն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որն առկա է Հայաստանի շուրջ: Ուստի Հայաստանն այլևս չի կարող հանդուրժել այն բարդ բիզնես միջավայրը, որը ներկայում գոյություն ունի երկրում»:

«Մենք քաջալերում ենք Հայաստանի իշխանություններին, մենք կողջունեինք [երկրում] բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների տեմպերի արագացումը»,– ասել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչը:

Տոլոսան անդրադարձել է նաև այսօր Եվրոպայում առկա ֆինանսատնտեսական բարդ իրավիճակի հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:

«Ներկայում հնարավոր բացասական ազդեցությունը սահմանափակ է, որովհետև [Հայաստանի տնտեսության համար կարևոր] երկու գործոնները՝ եվրոպական տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները բացասաբար չեն ազդել Ռուսաստանի տնտեսությունում վիճակի և հումքի միջազգային գների վրա:

Օրինակ, այս հոկտեմբերի տվյալների համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է աճ ապրել, իսկ պղնձի և հումքի այլ տեսակների գները, չնայած որոշակի անկմանը, շարունակում են բարձր մնալ՝ այդ առումով գտնվելով աննախադեպ բարձր մակարդակում: Սակայն հայացք նետելով առաջ՝ տեսնում ենք, որ ռիսկեր կան, որ եվրոպական զարգացումները կարող են բացասաբար ազդել նշված երկու գործոնների վրա, և ի վերջո Հայաստանը կարող է տուժել եվրոպական ճգնաժամից»,– ասել է Գիերմո Տոլոսան:

Նա հիշեցրել է, որ ԱՄՀ կանխատեսմամբ՝ գալիք տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի մոտ 4%, սակայն հավելել է, որ Եվրոպայում տեղի ունեցող զարգացումների պատճառով ռիսկերը մեծացել են, և որ Հայաստանը չի կարողանա ապահովել նման աճ:

ԱՄՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ եթե հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևի քաղաքական անկայունությունը, ապա այն նույնպես կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա:

«Մենք կարծում ենք, որ ընտրություններից հետո քաղաքական անկայունությունը կարող է, մասնավորապես, բացասաբար ազդել ներդրումների վրա: Սակայն պետք է նշեմ, որ սա մեր կողմից դիտվող ամենահավանական սցենարի մեջ չի մտնում»,– ասել է նա: