Հոնգ Կոնգին չես հասնի

Հրապարակվել է ֆինանսական առաջատար շուկաների վարկանիշը

«Համաշխարհային տնտեսական ֆորում» (ՀՏՖ) միջազգային կազմակերպությունը հրապարակել է ֆինանսական 60 ամենազարգացած շուկաների իր ամենամյա վարկանիշը՝ The Financial Development Report 2011-ը։ Այն գլխավորել է Հոնգ Կոնգը, որն առաջին անգամ կարողացել է առաջ անցնել Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից։

Հատկանշական է, որ համաշխարհային թիվ մեկ տնտեսությունը՝ ԱՄՆ-ը, հայտնվել է վարկանիշի երկրորդ հորիզոնականում՝ երկրի ֆինանսական կայունության հետ կապված մտավախությունների պատճառով։ «Հոնգ Կոնգի առաջատար դառնալը կարևոր է հենց այս առումով»,– վարկանիշի առաջատարի փոփոխությունը մեկնաբանել է ՀՏՖ գործադիր տնօրեն Քևին Սթեյնբերգը։ Ընդ որում՝ Հոնգ Կոնգի դիրքերի բարելավումը, զեկույցի համաձայն, տեղի է ունեցել ոչ թե բանկային ոլորտի զարգացման, այլ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումների (IPO) ցուցանիշի հաշվին։

ՀՏՖ-ն առաջին անգամ այս վարկանիշը հրապարակել է 2008թ.։ Երկրների դասակարգման հիմքում բանկային համակարգի ծավալի ու արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական այլ ծառայությունների, բիզնեսի վարման համար բարենպաստ պայմանների և ֆինանսական կայունության ցուցանիշներն են։

Սթեյնբերգի խոսքով՝ արևմտյան ֆինանսական շուկաները կենտրոնացած են ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ, և այս վարկանիշը կարող է նախազգուշացում լինել, որ վտանգված է նրանց երկարաժամկետ ֆինանսական լիդերության հնարավորությունը։

Ի դեպ՝ անցած տարի Հոնգ Կոնգը վարկանիշում չորրորդն էր, և 2011թ. ցանկում նրա վերելքը պայմանավորված է պարտքային ճգնաժամի պայմաններում Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ֆինանսական ոլորտներում իրականացվող կոշտ միջոցառումներով։

Նշենք, որ ՀՏՖ-ն այս տարվա վարկանիշում Մեծ Բրիտանիան ճանաչել է աշխարհի երրորդ ամենազարգացած շուկան։ Չորրորդ տեղում Սինգապուրն է, որին հաջորդում են Ավստրալիան, Կանադան, Նիդեռլանդները, Ճապոնիան, Շվեյցարիան և Նորվեգիան։

Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 43-րդ, իսկ Ուկրաինան՝ 54-րդ։ Հատկանշական է, որ Չինաստանը, ըստ ՀՏՖ-ի, զարգացած ֆինանսական տնտեսությունների շարքում ընդամենը 19-րդն է։