«Մեղմ ռեցեսիային» սպասելիս

Եվրոգոտում աճի դանդաղումը և առավել ևս ռեցեսիան լուրջ ռիսկեր են պարունակում Հայաստանի համար, որի արտահանման շուրջ կեսը բաժին է ընկնում ԵՄ-ին:

Ernst&Young-ի այս կանխատեսմանը նախորդել էին նմանատիպ կանխատեսումները ՏՀԶԿ-ի, ՄԱԿ-ի և այլ հեղինակավոր կառույցների կողմից: Հայաստանի 2012թ. բյուջեով նախատեսված է 4,2% աճ: Աճի այս թիրախը հիմնված է սեպտեմբերյան գնահատականների վրա: Կառավարությունը միջազգային հեղինակավոր հաստատությունների նոր կանխատեսումները հաշվի չի առել բյուջեն Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելիս:

E&Y-ի կարծիքով՝ նոր ֆինանսական կանոններ նախատեսող Եվրամիության համաձայնագիրը չի կարող օգնություն ապահովել ԵՄ այն երկրներին, որոնք պարտքը սպասարկելու խնդիր կունենան: «Այս անորոշության պայմաններում եվրոպական ընկերությունները հապաղում են երկարաժամկետ ներդրումներ կատարել և աշխատատեղեր ստեղծել, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը»,– նշված է կանխատեսման մեջ: E&Y-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2013թ. եվրոգոտու տնտեսությունը կսկսի աճել՝ արձանագրելով ՀՆԱ-ի 1,5-2% աճ:

E&Y-ն իր հոռետեսության մեջ միայնակ չէ: Դեկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչությունը 2012թ. համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումը տարեմիջյան 3,6%-ից իջեցրեց մինչև 2,6%, իսկ 2013թ. համար՝ 3,2%՝ նախկին 4% կանխատեսման փոխարեն: Ըստ ՄԱԿ-ի՝ անգամ այս ցուցանիշներին հնարավոր կլինի հասնել միայն զարգացած երկրներում պարտքային ճգնաժամի հաղթահարման և կոշտ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման միջոցով:

ՄԱԿ-ից ավելի հոռետես է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը (ՏԶՀԿ), որն իր 34 անդամ երկրների համար 2012թ. տնտեսական աճի տարեվերջյան կանխատեսումը տարեմիջյան 2,3%-ից իջեցրել է մինչև 1,6%, իսկ միայն Եվրոպայի համար՝ 2%-ից մինչև 0,2%:

Moody’s վարկանշային գործակալությունը վերջերս հայտարարել է, որ կարող է վերանայել 2012թ. ԵՄ 27 անդամ պետությունների վարկանիշները։ Վարկանշային Fitch գործակալության վերլուծաբաններն էլ կանխատեսել են, որ եվրոգոտու տնտեսությունը հաջորդ տարի կաճի 0,4%, իսկ 2013թ.՝ 1.2%: Վարկանշային եռյակի մյուս անդամը՝ S&P-ն, հայտարարել է ԵՄ 15 անդամ երկրների վարկանիշի վերանայման մտադրության մասին։

Հայաստանն ավելի խոցելի է դառնում

Միջազգային կառույցների հոռետեսական սցենարների իրականացման դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կարող է ունենալ 2012թ. համար նախատեսած 4,2% աճն ապահովելու առումով: Այդ ռիսկերը հիմնականում գալիս են Հայաստանի երկու խոշոր առևտրային գործընկերներից՝ Եվրամիությունից և Ռուսաստանից:

Հայաստանի արտահանման շուրջ կեսը բաժին է ընկնում եվրոգոտու երկրներին, իսկ ընդհանուր արտահանման շուրջ կեսը բաժին է ընկնում հանքարդյունաբերության ճյուղին, որի հիմնական շուկան Եվրամիությունն է: Հետևապես՝ Եվրոպայում խորացող անկումը անմիջական ազդեցություն կունենա Հայաստանի վրա:

Համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը և որպես կանոն դրան ուղեկցող նավթի էժանացումը հարվածում է Ռուսաստանի տնտեսությանը, որտեղից Հայաստանը ստանում է իր դրամական փոխանցումների շուրջ 75%-ը: Ռուսական տնտեսության որևէ փոփոխություն 3-6 ամսվա ժամանակային լագով ազդում է Հայաստանի վրա:

Ներհայաստանյան մի շարք գործոններ ևս՝ տնտեսության կառուցվածքային խնդիրներ և թույլ դիվերսիֆիկացիա, թույլ մրցակցային դաշտ և քաղաքականությանը սերտաճած բիզնես, աճող արտաքին պարտք և դրա սպասարկում, կոռուպցիայի բարձր մակարդակ՝ այս ամենը լավատեսության տեղ չի թողնում: 

Մեկնաբանել