Չդառնալ նախամարդ

Թե ով է այս գերբարդ ծրագրի հեղինակը և ինչ նպատակներ է հետապնդում նա, անհայտ է: Ինչևէ, դժվար չէ գուշակել, որ Stuxnet-ում իրենց համեստ լուման ունեն ԱՄՆ-ը և Իսրայելը: Ի դեպ՝ նրանք չեն էլ ձգտում թաքցնել դա:

2011թ. հունվարին իսրայելական Մոսադի ղեկավար Մեյր Դագանն ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իրարից անկախ հայտարարեցին, որ Իրանի միջուկային ռումբի ստեղծման ժամկետը հետաձգվել է մի քանի տարով: Թե ինչն էր բարձրաստիճան պաշտոնյաներին նման վստահություն ներշնչել, դժվար չէ կռահել:

Խնդրին անդրադարձել էր նաև նախագահ Օբամայի հատուկ խորհրդական Հարի Սամորը, որը Stuxnet-ի մասին հարցին պատասխանել էր բազմանշանակ ժպիտով և երկիմաստ խոսքով. «Ես ուրախ եմ լսել նրանց խնդիրների մասին… ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կանեն ամեն ինչ դրանք է՛լ ավելի խորացնելու համար»:

Ոչ պակաս ուշագրավ է Լիբիական արշավի մի դրվագ: Երբ ՆԱՏՕ-ի օդուժը պատրաստվում էր ռմբակոծել կառավարական ուժերին, ԱՄՆ-ի գեներալիտետը քննարկել է գերգաղտնի կիբեռզենքի կիրառման նպատակահարմարությունը, որն ի զորու էր շարքից հանել կադաֆիական ուժերի ողջ հակաօդային զինանոցը: Ի վերջո, այդ տարբերակը մերժվել է հօգուտ առավել ավանդական մեթոդների՝ ուղղակի ռմբակոծում: Ըստ էության՝ ԱՄՆ-ի իշխանությունները չեն ցանկացել ստեղծել նորատեսակ զենքի կիրառման նախադեպ: Բացի այդ՝ Լիբիան այն հակառակորդը չէ, որին ջախջախելու համար արժե խաղաթղթեր բացել:

Պատերազմների հայեցակարգերը փոխվում են: Ռազմի դաշտն այլևս զորաբանակների դիմակայության ասպարեզ չէ: Այն հետզհետե վերացարկվում է բիրտ ուժից՝ տեղափոխվելով մտավոր և վիրտուալ հարթություն: Stuxnet-ը կատարեց առաքելություն, որ տարիներ առաջ հնարավոր էր բացառապես ռազմական ահռելի կամպանիայի շրջանակում: Ըստ ամենայնի՝ ապագայի բոլոր պատերազմներն են ընթանալու այդ սցենարով:

Հայաստանը պատերազմական կացությունում գտնվող երկիր է, և այդ կարգավիճակն ըստ ամենայնի դեռ երկար կպահպանվի: Ռազմական ուժի այս փոխակերպումները պետք է որ մեծապես կարևորվեն մեզանում:

Խոսքը ԱՄՆ-ի կամ Չինաստանի հետ տեղեկատվական սպառազինության մրցավազք սկսելու կամ նորագույն կիբեռզենքերի ստեղծման մասին չէ, այլ ընդամենը համաշխարհային զարգացումներին համաքայլ գնալու և այլոց մտքի նվաճումները ժամանակին կլանելու մասին է:

Պատրա՞ստ են արդյոք հայ գեներալները, որոնց մեծամասնության համար ամենաառաջադեմ տեխնոլոգիան իրենց ամենագնացների GPS-ն է, քայլել աշխարհին համընթաց և չդառնալ նախամարդ բարձր տեխնոլոգիաների գալիք դարաշրջանում: Հավանաբար՝ ոչ: Գոնե այս պահին այդ ձգտմանը գերակշռում է բիզնեսով զբաղվելու և հաճախ ապօրինի հարստություն դիզելու մոլուցքը:

Պատրա՞ստ է արդյոք ՀՀ կառավարությունը աշխարհից հետ չմնալու բարձր նշաձողին: Դժվար է ասել: Ինչևէ, դատելով կառավարությունում I-pad-ի ներկա ընկալումից, աշխատելու տեղ դեռ շատ կա:

Կա՞ արդյոք ինքնակատարելագործվելու գիտակցում մեր վերնախավում, թե՞ կշարունակենք զարգանալ «մեզանից հետո ջրհեղեղ» սկզբունքով: Գալիք ընտրությունները կտան սպառիչ պատասխան:

Մեկնաբանել