Ֆաշիզմի մուտացիան

Ինչպե՞ս սա հասկանալ, հատկապես երբ բելգիական Լյեժի սպանդի հեղինակը փորձառու քրեական հանցագործ է, իսկ նորվեգական Ույոտա կղզու մսագործը՝ հոգեկան հիվանդ:

Ի՞նչ է կատարվում ընդհանուր առմամբ: Եվրոպան այսօր չունի պատասխանն այն հարցի, թե ինչքան է բաց մուսուլմանների առջև: Ինչ կարող էր անել, Եվրոպան արեց՝ մուսուլմաններն անարգել մտնում էին հին աշխարհամաս և ինտեգրվելով կամ առանց ինտեգրվելու՝ այն դարձնում իրենցը:

Գերմանիայի ԱԳՆ աշխատակիցը մի քանի տարի առաջ դժգոհում էր, որ որևէ կերպ չեն կարողանում իրենց հասարակությանը մասը դարձնել թուրքերին, որոնք տարեկան տասնյակ հազարներով մտնում են մայրաքաղաք ու ապրում գետտոներով:

Ինչո՞ւ է աշխարհը «շուռ գալիս» Եվրոպայի վրա: Իմ համեստ ընկալմամբ՝ պատճառը եվրոպական քաղաքական օրակարգի երկվությունն է: Այդ երկվությունը մարդուն թույլ չի տալիս գիտակցել, թե մինչև որտեղ է ինքը հայրենասեր, մինչև որտեղ է իր Հայրենիքն իրենը:

Եվրոպան ուզում է Հայրենիքը տարանջատել կրոնական ընկալումներից: Պարզ է, որ Ամրանին և Բրեյվիկը հատկապես այս երկվությամբ չեն տառապել, բայց այս երկվությունը ֆաշիզմի մուտացիան է: Ֆաշիզմի մուտացիան այն է, երբ միմյանց դեմ են ելնում ֆաշիստները:

Ֆաշիզմը քաղաքական հարաբերությունների մուտացիա է և որպես այդպիսին է տարածվում հասարակության վրա: Հասկանալով, որ «Երկրորդ Ռեյխը» ուշանալու է՝ երիտասարդները որոշում են գործի անցնել: Ույոտայի երիտասարդներին կոտորելով՝ քրիստոնյա ահաբեկիչը շտապում է հայտարարել, որ ինքը դրության տեր է և սպանում է բոլորին, ովքեր իր նման տեր չեն:

Մուտացիան սպանության իրականացման ձևն է և ոչ թե գործողությունը, ահա ինչու բելգիացի իրավապահները Ամրանիի դեպքում օր առաջ վստահեցնում են, որ Լյեժի մսագործի արածը ահաբեկչություն չէ: Նրանք գլխի էլ չեն ընկնում, որ զեկուցում են մուտացիայի մասին: Ժամանակակից Եվրոպան, որտեղ սահմանները ջնջվել են, չի դիմանում նոր հայրենասիրության մարտահրավերներին:

Այդ Եվրոպայում ծնված քրիստոնյան չգիտի, թե ուր կորան Բելգիան, Գերմանիան, Նորվեգիան, ով կլանեց նրանց: Եվ մսագործները միայնակ են գծում այդ սահմանները: Նրանք ոչ միայն սահմաններ են գծում, այլև կռվացնում են իրենց մուտանտ գաղափարները:

Ժամանակակից եվրոպացին չգիտի, թե անսահման Բելգիան ինչ է: Նա չի կարողանում համադրել անցյալն ու այսօրը: Նա ասում է՝ ինձ մի համոզեք, թե սահմանները և պատը նույն բանն են: Նա որոշակիություն է ուզում այնտեղ, որտեղ տքնել են իր պապերը: Նա ասում է՝ ես չեմ հերիքում անսահման աշխարհի համար, տվեք ինձ իմ սահմանները: Անսահման Բելգիան, ըստ նրա, այլևս Բելգիան չէ: Նա ուզում է վերադարձնել այն ժամանակները, երբ Բելգիան բելգիացու համար էր, Ֆրանսիան՝ ֆրանսիացու, Նորվեգիան՝ նորվեգացու:

Նա չի ուզում զարգացող երկրների նոր հարազատությունը, չի դիմանում հարազատության նոր փիլիսոփայությանը: Եվ հարցն այսպես է դնում՝ ինչ կմնա իմ երկրից, եթե, դիցուք, մուսուլմաններն այստեղ մեծամասնություն կազմեն: Ահա Բրեյվիկի այս հարցադրումից է սկսվում Լյեժի մսագործը՝ Նորդին Ամրանին: Նա վերցրեց իր զինանոցը և հեռակա կարգով պատասխանեց Բրեյվիկին: Այսինքն՝ ինչ զենքով ձևակերպես քո խնդիրները, այն զենքով էլ կպատասխանեն քեզ: 

Մեկնաբանել