Հանրապետականն ազնիվ անդամի կորցրեց

Այս տարվա գարնանը Կառավարությունը որոշում է կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը:

Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

Ամիսներ շարունակ քաջարանցիները պահանջում են չեղյալ հայտարարել Կառավարության վերոհիշյալ որոշումը, իսկ գյուղապետը հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը՝ հայտարարելով, որ դա ողջ գյուղի հարկադրական տարհանում է նշանակում:

«Ես պայմանագիրը չեմ ստորագրել ու կյանքում չեմ ստորագրի: Ես դիմում եմ գրել՝ հրաժարական եմ տվել, այսօր էլ գնում եմ Հանրապետական կուսակցությունից հրաժարական տալու»,– ասել է Ռաֆիկ Աթայանը:

Գյուղապետը պատմել է, որ իր նկատմամբ բոլոր կողմերից ճնշումները շարունակվում են, պարտադրում են, որ ստորագրի հողերի հանձնման պայմանագիրը:

Օրինակելի վարքագիծ

Անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի և գյուղացիների վեճը, կարելի է ասել, որ Հանրապետական կուսակցությունն իսկական ազնիվ անդամի կորցրեց, որն իր սկզբունքները և ընտրողների վստահությունը չծախեց վերադասին:

Հայաստանում նման մարդկանց կարիքն իսկապես կա: 

Մեկնաբանել