Ընդարձակված Արևմուտք

«Առաջիկա տասնամյակներում ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը լինելու է սեփական վերածնունդը, աջակցությունն Արևմուտքի ընդարձակմանը և ընտելացումը Չինաստանի գլոբալ կարգավիճակի փոփոխությանը»,– գրում է Բժեզինսկին։

Ամերիկան պետք է ընդարձակի Արևմուտքը, այն դարձնի աշխարհի ամենակայուն ու ժողովրդավարական գոտին։ Այդպիսի Արևմուտքը Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից Եվրասիայով պետք է ձգվի մինչև Ճապոնիա և Հարավային Կորեա։ Սա Արևմուտքի գլխավոր սկզբունքներն ավելի գրավիչ կդարձնի այլ մշակույթների համար և այդպիսով հիմք կդնի ժողովրդավարական համընդհանուր քաղաքական մշակույթի ձևավորմանը։

ԱՄՆ-ը պետք է շարունակի երկխոսությունը նաև Արևելքի հետ. եթե Միացյալ Նահանգներն ու Չինաստանը կարողանան փոխզիջումների գնալ մի շարք հարցերում, կայունության հեռանկարներն Ասիայում բավական տեսանելի կդառնան։ Ամերիկան պիտի փորձի ոչ միայն հաշտեցնել Չինաստանին ու Ճապոնիային, այլև թուլացնել մրցակցության լարվածությունը Չինաստանի ու Հնդկաստանի միջև։

ԱՄՆ-ը պետք է աշխարհին ցույց տա, որ ցանկանում է բարեփոխել սեփական երկիրը։ Ամերիկացիները պետք է շեշտը դնեն ազգային մրցունակության առավել ինտելեկտուալ ասպեկտների վրա՝ ինովացիաներ, կրթություն։

Նորացված Արևմուտքին աջակցելու համար ԱՄՆ-ը պետք է սերտ կապեր պահպանի Եվրոպայի հետ, չհրաժարվի ՆԱՏՕ-ում ստանձնած պարտավորություններից և Արևմուտքում գրկաբաց ընդունի Թուրքիային ու Ռուսաստանին։

Ընդարձակված Արևմուտքը կարող է ձևավորվել 2025-ից հետո։ Առաջիկա տասնամյակներում Ռուսաստանը կարող է ձեռնամուխ լինել համապարփակ ժողովրդավարական վերափոխումների, որոնք հիմնված կլինեն օրենքի գերակայության վրա և կհամապատասխանեն Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ստանդարտներին։ Նույն այդ ժամանակ Թուրքիան կարող է դառնալ ԵՄ լիիրավ անդամ։

Իսկ եթե ԱՄՆ-ին այդպես էլ չհաջողվի ձևավորել ընդարձակված Արևմուտք, հետևանքներն աղետալի կլինեն՝ նոր հակամարտություններ, հին վերքերի նորացում, ապագա չունեցող մրցակցային գործընկերություն։ Օրինակ՝ Ռուսաստանը, ի հաշիվ էներգետիկ պաշարների, կարող է վերակենդանացնել կայսերապաշտական իր նկրտումները՝ իրեն միացնելով Ուկրաինան։ Վերջինս Արևմուտքում մեկուսացվածության և հոռետեսության մթնոլորտ կստեղծի։

Ասիայում ԱՄՆ-ին տարածաշրջանային կարգավորիչ լծակի և խաղաղարարի դեր է հարկավոր։ Ընդ որում՝ հարկավոր է հաշվի նստել տարածաշրջանում Չինաստանի առանձնահատուկ դերակատարման հետ։ Չինաստանի հետ երկխոսությունը կնվազեցնի Չինաստանի ու Ճապոնիայի, Հնդկաստանի, չի բացառվում՝ նաև Ռուսաստանի միջև առճակատման հնարավորությունը։

ԱՄՆ-ը պետք է խոստովանի, որ կայունությունն Ասիայում այլևս հնարավոր չէ ամրապնդել ոչ տարածաշրջանային տերության կողմից, առավելևս՝ ԱՄՆ-ի ռազմական ուժի ուղղակի կիրառմամբ։ Միացյալ Նահանգները պետք է հետամուտ լինի Ճապոնիայի և Հարավային Կորեայի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, սակայն չմիջամտի Ասիայի երկրների միջև ցամաքային պատերազմներին։