Հրաժարական տալուց հետո էլ հայտարարում է՝ պատրաստ եմ այսուհետև նույնպես քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Ինչո՞ւ: Որովհետև «էդ մարդը (Սերժ Սարգսյանը – Ս. Փ.) երևի շատ բան չգիտի»: Ահա, ուրեմն, իր ղեկավարած գյուղն ինչ-որ մարդիկ պատրաստվում են դարձնել պղնձի և մոլիբդենի հանքավայր, ամբողջ մամուլը գրում է այդ մասին, իսկ Սերժ Սարգսյանը չգիտի:
Գիտե՞ք ինչն է խնդիրը: Այս գյուղացի մարդը ոչ միայն անկեղծ է, այլև ճիշտ է: Փորձենք վերծանել՝ վերջին շտրիխը դնելով՝ հիշենք, որ նա հրաժարվել է նաև ՀՀԿ անդամությունից: Այսինքն՝ այլևս չի հավակնում այդ կուսակցության հովանավորությամբ իրենից ինչ-որ բան ներկայացնել համայնքում:
Իսկ ինչո՞ւ է ճիշտ ՀՀԿ նախկին անդամ, Քաջարանի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:
Նախ՝ նա իր կուսակցությունը չի նույնացնում իր նախագահի հետ, նա իր մարզի տարածքում գիտի մի քանի ազդեցիկ պաշտոնյայի, որոնք նրան ասել են՝ կանդամակցես, կպահպանես պաշտոնդ, մեր աչքերը կփակենք ինչ-ինչ խնդիրների վրա, հարկահավաքության հարցերով շնչիդ չենք նստի և այլն:
Երկրորդ (բայց այս մեկն այնպես չէ, որ նա գիտի)՝ այս արտահայտության մեջ ստալինիզմի տարրեր կան. իսկապես ի՞նչ գիտի Սերժ Սարգսյանը, այս մեկը նրա ի՞նչ իմանալիքն է, մարզպետարանում, որտեղ նրան կանչել են և ստիպել ստորագրել գյուղի մարդաթափումը, չեն ասել, որ «անձամբ նախագահի հրահանգը կա», նա գիտի, որ նախագահի հրահանգը հստակ է՝ կա՛մ գյուղը դատարկվում է անկախ ընդդիմացողների վճռականությունից, կա՛մ գյուղապետի «գլուխը թռնում» է: Այս դեպքում գյուղապետն ինքն է շտապել «թռցնել» իր գլուխը, որովհետև նախագահից «մեսիջ» չկա: Հետևաբար՝ նախագահը մաքուր է:
Երրորդ՝ նա այդպիսով ապահովագրում է իր գյուղը, այսինքն՝ իր հավատարմությունն է հայտնում Սերժ Սարգսյանին, մեկ էլ տեսար՝ երկրի ղեկավարը բռնեց ու գյուղն ազատեց «գերակա հանրային շահի» խարանից:
Բայց ահա թե ինչն է խնդիրը: Գյուղապետը, այնուամենայնիվ, իր երկրի զգացումը չունի, թեպետ հարցնում է՝ ում թողնենք մեր գերեզմանները: Դա չի նշանակում, որ նա հողի զգացումը չունի, բայց նա պետության ներկայացուցիչ չէ, այլապես կընկալեր, որ կայացված է պետական որոշում, և այդ որոշման հետ առանձին վերցրած ոչ մի մարզպետ կամ մարզպետարանի աշխատակազմ ու պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարություն կապ չունի:
Գյուղը դատարկելու որոշումը կայացվել է, որովհետև հանքերը փող են, այդ փողը կոնկրետ գրպաններ է մտնում, այդ գրպանները սեթևեթել չեն սիրում, նրանք են թելադրում պետական որոշումները, կարելի է ասել՝ պետությունը, այս դեպքում՝ իշխանությունը, իր գրպանի հետ է խորհրդակցում: Այդ գրպանի տարողությունը չափվում է, դիցուք, Ռաֆիկ Աթայանի անձնական հողակտորների բերած շահույթով, և բնականաբար Ռաֆիկ Աթայանն այդ գրպանում տեղ չունի:
Հետևաբար, երբ Քաջարանի արդեն նախկին գյուղապետն ասում է, որ միշտ պատրաստ է ընտրել Սերժ Սարգսյանին, անձամբ է այս պատմության մեջ ապահովագրում մեկին, որն այս պատմության միակ պատասխանատուն է: Խնդիր չկա, թող ապահովագրի, բայց միգուցե հարցնի նաև իր համագյուղացիների կարծի՞քը, որոնք իրենց հողի և ոչ թե պղնձի ու մոլիբդենի հնարավորությունները գնահատելով են երեխաներ ծնել: