Սյունիքի մարզպետը ծեծեց Ձմեռ պապիկին

Ուրբաթ՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում, «Մարիոթ»-ում հանրապետական մարզպետը հանդիպեց մուտքի մոտ կանգնած Ձմեռ պապիկին և առանց որևէ բան ասելու՝ մի քանի հարված հասցրեց նրա գլխին, մեջքին, փորին, հետո նորից գլխին:

Միջադեպից ժամեր անց Ձմեռ պապիկը հրավիրեց մամլո ասուլիս, որտեղ խոստացավ դատի տալ մարզպետին, եթե նա հրապարակային ներողություն չխնդրի և չվերադարձնի խաղալիքները: Հիշեցնենք, որ միջադեպից մի քանի օր առաջ Ձմեռ պապիկը ասուլիս էր հրավիրել, որտեղ Սյունիքի մարզպետին մեղադրել էր իր՝ նվերներով պարկը գողանալու մեջ: «Հազարավոր երեխաներ այս տարի մնալու են առանց նվերի, եթե Սուրիկ Խաչատրյանը չվերադարձնի մանուկների համար նախատեսված 22 միլիոն դրամի նվերները»,– նշել էր Պապը:

Ի տարբերություն նախորդ նման միջադեպի, երբ մարզպետը տփել էր կին գործարարի, այս դեպքում տուժողը լուրջ մարմնական վնասվածքներ էր ստացել. մարզպետը կոտրել է Պապիկի ոտքը և պոկել մորուքը:

Մարզպետը հայտարարել է, որ Ձմեռ պապիկից նվերներ չի վերցրել: «Դա Ձմեռ պապիկի հերթական սուտն է… Ես վերադարձնելու խնդիր չունեմ, քանի որ ոչ մի բան չեմ վերցրել այդ մարդուց: Բացի այդ՝ Պապիկը ուռճացնում է այդ նվերների գինը. այնտեղ հազիվ 500 հազար դրամի բան կար, և բավական տուֆտա նվերներ էին»,– հայտարարել է մարզպետը:

Սյունիքի մարզպետին զորակցություն է հայտնել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. «Նախ, մի՛ մոռացեք, որ ազգաբնակչության մեծ մասը՝ 80%-ը, չի հավատում Ձմեռ պապիկին, հետևաբար՝ ինչպե՞ս կարող էր մարզպետը ծեծել ինչ-որ մեկին, որը հավանաբար գոյություն չունի»:

Հանրապետական կուսակցությունը առայժմ որևէ որոշում չի կայացրել այս հարցում՝ սպասելով հետաքննության ավարտին: ՀՀԿ խոսնակ Էդմոնդ Շարմազինսկին հայտարարել է, որ կուսակցությունը մեծ հարգանքով է մոտենում Ձմեռ պապիկի ինստիտուտին և այդ միջադեպը համարում է «ընդդիմության սադրանք»:

Ձմեռ պապիկը դեռ չի որոշել իր հետագա քայլերը, բայց արդեն լուրեր են շրջանառվում, որ գործի անարդար եզրափակման դեպքում նա իր գործունեությունը կարող է տեղափոխել Վրաստան կամ Եվրոպա:

Մեկնաբանել