Մեծ դեպրեսիայի շեմի՞ն

Լագարդը կոչ է անում փրկել Եվրոպան՝ հնարավորության սահմաններում

Եթե բոլոր երկրները չհարթեն տարաձայնություններն ու եվրոպական ֆինանսական ճգնաժամից համատեղ ուժերով ելք չփնտրեն, ապա համաշխարհային տնտեսությունը կարող է հայտնվել այնպիսի ճգնաժամում, ինչպիսին 1930-ականների Մեծ դեպրեսիան էր։ Այսպիսի հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում։

Եթե Եվրոպան չմիավորի ջանքերը, ապա անխուսափելի են հետընթացը, պրոտեկցիոնիզմի աճն ու մեկուսացումը։ «Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ 30-ականներին, և բոլորովին էլ այն չէ, ինչին ձգտում ենք մենք»,– ասել է Լագարդը։ Ներկայում ԱՄՀ-ն փորձում է զսպել ճգնաժամի տարածումը, որն արդեն դուրս է եկել զուտ պարտքայինի սահմաններից՝ ներառելով անգամ զարգացած երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։

«Գոյություն չունի որևէ պետություն՝ լինի դա ցածր, միջին եկամուտներ կամ գերզարգացած տնտեսություն ունեցող, որն ապահովագրված է այս ճգնաժամից։ Վերջին շրջանում մենք տեսանք, թե ինչպիսի գերարագ տեմպով այն կարող է զարգանալ»,– ասել է ԱՄՀ ղեկավարը։

Լագարդը քննադատել է նաև Ֆրանսիայի իշխանությունների, մասնավորապես՝ ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուանի և Կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Նոյերի վարած քաղաքականությունը։ Վերջիններիս քննադատության պատճառը Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական սկանդալ հրահրելու փորձերն են։

Նոյերի կարծիքով՝ Standard&Poors միջազգային վարկանշային գործակալությունը պետք է վարկային առավելագույն վարկանիշից զրկի Մեծ Բրիտանիային, ոչ թե Ֆրանսիային։ Նոյերի խոսքով՝ Ֆրանսիայի վարկանիշի իջեցումը կարող է հանգեցնել վարկերի թանկացմանը, ինչը հակասում է տնտեսական հիմնարար սկզբունքներին, այն դեպքում, երբ Բրիտանիան ունի բյուջեի խայտառակ դեֆիցիտ, հսկայական պարտքեր, գնաճի բարձր մակարդակ և բանկային վարկավորման քայքայված համակարգ։ Բրաունը, իր հերթին, ծաղրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, ինչին բրիտանացի քաղաքական գործիչները զուսպ էին արձագանքել։

ԱՄՀ ղեկավարը կոչ է արել հնարավորության սահմաններում աջակցել Եվրոպային: Լագարդի խոսքով՝ եվրոգոտու երկրները չեն կարող ինքնուրույն հաղթահարել ճգնաժամը, իսկ եվրոպական ֆինանսական համակարգի փլուզումը հարվածի տակ կդնի համաշխարհային տնտեսությանը: Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, Լագարդը չի պարզաբանել: