Փարիզը հիասթափեցնելո՞ւ է հայերին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ հորդորելով «երկկողմ հարաբերությունները չզոհաբերել հանուն երրորդ կողմի», այսինքն՝ Հայաստանի։ Նախագահ Սարկոզիի կեցվածքը, անկասկած, առանցքային է:

Դեռ 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) օրինագիծ ընդունեց, որով 1915թ. ժխտումը որակվում էր քրեորեն պատժելի արարք, իսկ ժխտողներին սպասվում էր մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Սակայն օրենքի ուժ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Սենատը ևս վավերացնի օրինագիծը:

Ֆրանսիայում 2007թ. նախագահական ընտրությունների նախօրեին թեկնածուներից Նիկոլա Սարկոզին հայ համայնքին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի վավերացման ուղղությամբ քայլեր կձեռնարկի, սակայն նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ անց խորհրդապահական կերպով Անկարա գործուղեց Ելիսեյան պալատի դիվանագիտական խորհրդատու Ժան-Դավիդ Լևիտին՝ թուրքական իշխանություններին վստահեցնելով, որ ինքը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի հայկական օրինագիծը Սենատում «թաղվի»: Այս մասին հայտնի դարձավ ավելի ուշ, երբ «Վիկիլիքս» կայքը հրապարակեց գաղտնի փաստաթղթեր:

Ֆրանսիայի Սենատը 2011թ. մայիսի 4-ին հնարավորություն ուներ քրեականացնել օրինագիծը, սակայն քվեարկությունից առաջ Սենատի սահմանադրական հանձնաժողովն առաջարկեց այն հանել քվեարկությունից, ինչը և արվեց: Օրինագծի ընդունմանը դեմ քվեարկողները բերում էին հիմնական երկու պատճառ. առաջին՝ այն կխոչընդոտի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, երկրորդ՝ սա պատմաբանների քննարկելիք հարց է:

Սարկոզին, որը քվեարկությունից առաջ ֆրանսահայերին խոստացել էր չխոչընդոտել օրինագծի քվեարկությունը, ամիսներ անց՝ 2011թ. հոկտեմբերի 7-ին, Երևանում հայտարարեց, որ եթե Թուրքիան շարունակի ժխտել Ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան կցանկանա քրեական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ի պատասխան՝ Էրդողանը Սարկոզիին խորհուրդ տվեց մտածել գալիք սերունդների, այլ ոչ թե Ֆրանսիայի գալիք ընտրությունների մասին:

Այո՛, որքան էլ հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության թեման զգայացունց է, պետք է ընդունել, որ 1915թ. հայ ժողովրդի ողբերգությունը դարձել է խոշոր երկրների միջև հաշիվներ պարզելու միջոց: Մյուս կողմից՝ դա բնական է, քանի որ Հայոց ցեղասպանությունը նաև ու նախ և առաջ քաղաքական հարց է, իսկ քաղաքականություն նշանակում է նաև շահարկում:

Հետևաբար մենք չգիտենք, թե Ելիսեյան պալատը, որը Սենատի վրա ճնշելու բազմաթիվ լծակներ ունի, ինչ որոշում է կայացրել: Եթե հավատանք Սարկոզիի՝ Երևանում հոկտեմբերին հնչեցրած հրապարակային խոսքին, ապա դեկտեմբերի 22-ի քվեարկությունը թուրքերին լավատեսության տեղ չի թողնում: Նաև պիտի հաշվի առնել այն ճնշումներն ու սպառնալիքները, որ հնչեցնում է Անկարան: Բայց կարևորը Ֆրանսիան է, որը եթե ցանկություն ունենա, և ավելին՝ այս պահին նրա շահերից բխի, ապա դեկտեմբերի 22-ին օրինագիծը կընդունվի:

Անկախ քվեարկության արդյունքներից՝ պետք է ընդունենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքում ամենից առաջ գնացել է հենց Ֆրանսիան:

Ֆրանսիայի Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ անցկացրել է սկսած 1990-ական թթ. կեսերից: 1994թ. օգոստոսին Ֆրանսիայի արտգործնախարարի մասնակցությամբ խորհրդարանական լսումների ընթացքում ճանաչման ջատագովներից Պատրիկ Լաբոնը, ակնարկելով Հայոց ցեղասպանության 80-ամյակը, հայտարարեց. «Մարդկության դեմ այս զազրելի հանցանքը, քսաներորդ դարում այս առաջին ցեղասպանությունը դեռևս շարունակում է անպատիժ մնալ: Հակառակը, Թուրքիայում հուշարձաններ են կառուցվում, և փողոցներ են մկրտվում թուրքական Հիտլերի՝ Թալեաթ փաշայի անունով»:

1998թ. մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծը մեկ նախադասություն էր. «Ֆրանսիան հրապարակավ ճանաչում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը»:

2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչեց օրենքի մակարդակով, երբ նախահահ Ժակ Շիրակը ստորագրեց Ազգային ժողովի և Սենատի՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը: Այսպիսով՝ խորհրդարանական բանաձևը վերածվեց Ֆրանսիայի օրենքի, ինչը նշանակում է, որ ոչ ոք այլևս չի կարող ժխտել պատմական այդ իրողությունը երկրի տարածքում: Այդ օրենքի առկայությունն արդեն ճանապարհ էր բացում մեկ այլ օրենքի համար, որը Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը կպատժեր քրեորեն:

Անկարան, ինչպես այլ երկրների դեպքում, դատապարտեց Ֆրանսիայի այս քայլը, Փարիզից հետ կանչեց իր դեսպանին: Թուրք-ֆրանսիական մի շարք տնտեսական և ռազմական գործարքներ չեղյալ հայտարարվեցին: Ֆրանսիան Թուրքիայում խոշոր ներդրողներից է և նրան զենք վաճառող գլխավոր երկրներից:

Այսօր էլ թուրքերը ջանք չեն խնայում՝ ֆրանսիացիներին համոզելու, որ նրանք օրինագիծը չընդունեն: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում Եվրոպական միության դեսպանների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ այդ օրինագծի ընդունումը կվնասի թուրք-ֆրանսիական մերձեցմանը:

Թուրքիան սպառնում է Փարիզից հետ կանչել իր դեսպանին, եթե օրինագիծն ընդունվի: «Պաշտոնական Անկարան դա կդիտարկի որպես թշնամական քայլ Ֆրանսիայի իշխանությունների կողմից և կսառեցնի Ֆրանսիայի կառավարության հետ համագործակցությունն ու բոլոր համատեղ ծրագրերը»,– ասել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը:

Երկուշաբթի Փարիզ կմեկնի Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը և կփորձի ֆրանսիացի օրենսդիրներին բացատրել, թե ինչ վնաս կարող է հասցնել օրինագծի ընդունումը թուրք-ֆրանսիական հարաբերություններին: 

Մեկնաբանել