Déjà vu կամ ժողովրդավարությունը դավանանքի վերածվելու ճանապարհին

Տնտեսական ֆորմացիաների փոփոխության, արտադրողականության բարձրացման, կյանքի պայմանների բարելավման հետ միասին պատերազմելը դառնում էր բավական բարդ գործ: Անհրաժեշտ էր ոչ միայն պատերազմողներ հավաքագրել, այլև սեփական հասարակություններին համոզել, որ հարկավոր է պատերազմել:

Դրա համար սկսեցին օգտագործել դավանանքը, մարդկանց ներաշխարհի վրա ազդելու այլ ձևերը, մի խոսքով՝ սկսեցին բարոյապես հիմնավորել պատերազմի անհրաժեշտությունը: Այսպես՝ եթե Արևելքի երկրները հարուստ են հողերով և արտադրողականությամբ, և հարկավոր է դրանք նվաճել, ուրեմն պատճառ պետք է գտնել: Խաչակրաց արշավանքների շեմին մի այդպիսի հրաշալի պատճառ գտնվեց. Տիրոջ գերեզմանի զավթումը մահմեդականների կողմից:

Մի՞թե կա ավելի ազնիվ նպատակ հավատացյալ քրիստոնյայի համար, քան Տիրոջ գերեզմանի ազատագրումը: Այսպես խաչակիր-ավազակները շարժվեցին արևելք՝ թալանելու ժողովուրդներին, բնակեցնելու հարուստ հողերը, հարստանալու:

Նույն եղանակներով (նվաճումների համար գաղափարախոսական հիմք ստեղծելու) և նույն նպատակով (թալանի, տիրելու, հարստանալու) եվրոպացիները «քաղաքակրթում» էին Ամերիկյան մայրցամաքի, Աֆրիկայի, Ավստրալիայի և այլ տարածքների բնիկներին, թուրքերը ցեղասպանում էին հայերին, Հիտլերը փորձում էր աշխարհը նվաճել… բազմաթիվ այլ օրինակներ, որ յուրաքանչյուր դպրոցական կարող է թվարկել:

20-րդ դարի երկրորդ կեսն ավելի «քաղաքակիրթ» էր. հիմա չենք նվաճում, որովհետև դուք ցածր ռասա եք, և մենք իրավունք ունենք ձեզ տիրելու, այլ դուք մեր եղբայրներն եք, մենք ցանկանում ենք, որ դուք ապրեք կոմունիզմի մեջ, այսինքն՝ հավասարության, արժանապատիվ կյանքի, անվճար կրթության ու բժշկության:

Մյուսն էլ ասում էր, որ չէ, էս կոմունիստները չեն հարգում մարդու իրավունքները, միլիոններով մարդկանց սպանում են սիբիրներում, հարկավոր է պայքարել սրանց դեմ, փրկել ձեզ այս արհավիրքից, դրա համար թույլ տվեք զորքերս մտցնեմ ձեր երկրները, տվեք ինձ ձեր տնտեսության եկամտաբեր ճյուղերը (դե ես զարգացած եմ, գիտեմ ինչպես աշխատեցնել դրանք):

Կոմունիզմի ու հակակոմունիզմի փուլն էլ անցանք, բայց պատերազմները չդադարեցին: Հիմա էլ պատերազմները սկսեցին «ավտորիտար» ռեժիմների ու ահաբեկչության դեմ: Ինչպե՞ս կարելի է այս զարգացած դարում հանդուրժել դիկտատորների, մարդու իրավունքների մասսայական խախտումներ, լկտի ահաբեկչական գործողություններ, հարկավոր է անմիջապես արմատախիլ անել այդ ամենը:

Եվ համազգեստ հագած զանգվածներն ու ռազմական տեխնիկան գրոհեցին երկրները, քանդեցին դրանք, մորթեցին հարյուր հազարների, տիրացան նավթահորերին, ստրատեգիական տարածքներին, ենթակառուցվածքներին, ստեղծեցին գաղտնի ու բացահայտ բանտեր, որտեղ մարդու իրավունքների խախտումները դարձան սովորական երևույթ:

Այդ երկրների հասարակությունները մեծ մասամբ սատարեցին իրենց իշխանություններին և հավատացած էին, որ իրենց մարդասեր կառավարությունը պայքարում է «չարի առանցքների» դեմ, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության տարածման համար… Մի՞թե կա ավելի ազնիվ գործ այս աշխարհում…

Մեկնաբանել