«Ջազի ապագա» Տիգրանը

Տիգրան Համասյան անունը քաջ ծանոթ է Եվրոպայի և ԱՄՆ-ի երաժշտասերներին: Դաշնակահարին բարձր են գնահատում իր երաժշտության ինքնատիպության և փայլուն կատարողական տեխնիկայի համար:

Տիգրանը ծնունդով գյումրեցի է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել երկու տարեկանում: Առաջին բեմելը 1998թ. էր: 11 տարեկանում նա հանդես եկավ առաջին Երևանյան միջազգային ջազ փառատոնում, ու այդ պահից նրա կյանքը կտրուկ փոխվեց: Երկրորդ Երևանյան փառատոնի ընթացքում նա ծանոթացավ ջազի համաշխարհային աստղեր Արի Ռոլանդի, Ջեֆ Բալարդի, Չիկ Կորեայի հետ։

Հետո մեկը մյուսին հաջորդեցին հաղթանակներ միջազգային խոշոր մրցույթներում, որոնցից Տիգրանի համար ամենաթանկը ամերիկյան ջազիստ Թելոնիուս Մոնքի անվան մրցույթի առաջին տեղն է: Տիգրանն արդեն յոթ տարի է, ինչ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում:

Համասյանն այս տարի թողարկեց իր չորրորդ՝ A Fable ալբոմը, որը, իր իսկ բնորոշմամբ, ծնվել էր Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների տպավորություններից։ Տարվա երկրորդ կեսի տասնյակ համերգները նվիրված էին նոր սկավառակի թողարկմանը: Տիգրանը լայնածավալ համերգային շրջագայություններ ունեցավ Եվրոպայում, ԱՄՆ-ում, իսկ ձայնասկավառակի պաշտոնական ռելիզից երկու շաբաթ առաջ այցելեց նաև Հայաստան՝ համերգներով հանդես եկավ Ստեփանակերտում, Գյումրիում և Երևանում:

Հայաստանյան համերգներից օրեր անց A Fable-ն արժանացավ «Գրեմմի»-ի՝ «Լավագույն միջազգային ջազ ալբոմ» անվանակարգում: Libération պարբերականը և ITunes France-ը ևս այն տարվա լավագույն ջազ ալբոմ ճանաչեցին: Նոյեմբերին թողարկվեց Համասյանի Ep N1 վինիլային ալբոմը:

Վերջերս Տիգրանը ելույթ էր ունենում «Մոնտե Կառլո» ջազ փառատոնում հանրաճանաչ կոնտրաբասահար Ավիշայ Կոենի հետ։ Euronews Musica-ն արձանագրեց, թե փառատոնը վիրտուոզ ավարտ ունեցավ հենց այս երաժիշտների մասնակցության շնորհիվ:

Տիգրանին արտերկրում մշտապես որպես հայ երաժիշտ են ներկայացնում, երաժիշտ, որը փոխել է ջազի լեզուն, երաժիշտ, որը ոչ թե օգտագործում է հայկական ֆոլկ մոտիվներն իր ջազային ստեղծագործություններում, այլ ինքն է այդպիսիք ստեղծում: Դրանք այս տարի հնչեցին Հայաստանում, 2012-ը միգուցե ևս հնարավորություն տա ականատես դառնալ Համասյան անունը կրող երաժշտական հրավառությանը: 

Մեկնաբանել