Կարտագաղթի Եգանյանի հարևանը

Ըստ իս՝ հաջորդ տարի Հայաստանում տարին կտևի 12 ամիս, և գրեթե համոզված եմ, որ նոյեմբերը մարտից շուտ չի գա: Հաջորդ տարի նույնպես ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններում ջախջախիչ հաղթանակ կտանի սեփական ժողովրդի հանդեպ, ինչպես դա արել է 1998-ից ի վեր: 2012թ. ՀՀ նախագահը կհանդիպի Վազաշեն գյուղի խաղողագործների հետ, որոնց խաղողն անցյալ տարի ոչ ոք չընդունեց: «Ինչպե՞ս եք ապրում»,– կկատակի նա: «Լավ»,  կկատակեն խաղողագործները: Եվ այս ամենը կարելի է տեսնել Հ1-ի «Առաջին լրատվական»-ով:

2012թ. արտագնա աշխատանքի կմեկնի ՀՀ տարածքային կառավարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հարևանը, բայց դրանից մեկ օր առաջ պաշտոնյան կտեղափոխվի նոր բնակարան: 2012թ. Երևանի բրենդային խանութներում համատարած կկիրառվի «ամնեզիայի զեղչը»: Այսօր էլ այդպիսի զեղչ կիրառվում է հագուստի կամ օծանելիքի մեկ-երկու հայտնի խանութներում:

Բայց «ամնեզիայի զեղչը» 2012թ. մեծ թափ կհավաքի, և համաշխարհային տնտեսագիտության մեջ կմնա հայկական հետքը, ճիշտ է՝ պսևդոնոբելյան մրցանակի հավակնություններով: Ի՞նչ է «ամնեզիայի զեղչը»: Ենթադրենք՝ ես հեղինակավոր մի ֆիրմայի օծանելիք կամ հագուստ եմ բերել: Եթե բերել եմ, ուրեմն մոտ եմ իշխանություններին: Եթե մոտ եմ, ուրեմն մաքսային զեղչեր եմ վաստակել: Մի խոսքով՝ ապրանքը բերել եմ գրեթե գործարանային գնով:

Տարվա սկզբին ապրանքն արժե, ասենք, 80 հազար դրամ: Ենթադրենք՝ հատկապես այդ ապրանքը մոտ ութ ամսվա ընթացքում այդպես էլ չի վաճառվում: Ի՞նչ եմ անում: Հայտարարում եմ 50 տոկոս «աննախադեպ զեղչի» մասին: Ո՞վ է հիշում, թե ինչ արժեր էդ օծանելիքը կամ հագուստը: Նայել են գինն ու շրջանցել են: Չշրջանցողներն ավելի թանկն են գնել: Եվ այսպես հայտարարում եմ աննախադեպ զեղչեր ու տարվա վերջին, – իմ աչքով եմ տեսել, – գինը կրկնակի բարձրացնում եմ:

Եվ, ասենք, իմ կնոջ նման միամիտը տրվում է տնտեսագիտական այդ պայթուցիկ խայծին ու վազում է ուսումնասիրելու տվյալ օծանելիքը կամ հագուստը: Հնարավոր է, որ նա չգնի, բայց այդ օծանելիքը կամ հագուստը միակ զեղչված ապրանքը չէ: Իսկ ձեր կարծիքով՝ ուրիշ ինչպե՞ս է կառավարությունն ապահովելու բյուջեի կատարողականը: Ճիշտ է՝ «ամնեզիայի զեղչով»:

2012թ. գրեթե ամեն օր հայկական հեռուստաընկերությունները միմյանց հերթ չտալով կպատմեն նույն տարվա դեկտեմբերի 21-ին սպասվող աշխարհի վերջի անխուսափելիության և 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի անխուսափելի հաղթանակի մասին: Ու մենք կփորձենք հասկանալ՝ ի՞նչ է նշանակում այս ամենը:

Եվ մամուլում կգտնվի մեկը, որը կհիշի, որ այդ օրը մահացել է ժողովուրդների հայր Իոսիֆ Ստալինը, և որ ինչ-որ իմաստով աշխարհն այդ օրը, այո, «վերջացել» է: Է՛լ ավելի թեթևամիտները, միգուցե, հիշեն, որ այդ օրը նաև մեր ԱԱԾ-ի տոնն է: Միևնույն է, ստիպված ենք լինելու բավարարվել դրանցից մեկով: 

Մեկնաբանել