Բանկային համակարգում կոնսոլիդացիայի հնարավորություն կա

-Պարոն Օսիպյան, այս տարի թանկ դրամի քաղաքականության արդյունքում բանկային համակարգում ավելացել է դոլարային վարկերի տեսակարար կշիռը։ Դոլարիզացիայի մակարդակի ավելացումն ի՞նչ ռիսկեր է ստեղծում բանկային համակարգի համար։

-Դոլարիզացիայի նկատմամբ ամենազգայունը առևտրային բանկերն են, և այն չափվում է ներգրավված դոլարային ավանդների քանակությամբ։ Կարող եմ ասել, որ այս տարի ավանդների կառուցվածքում դոլարային ավանդների տեսակարար կշռի մեծ փոփոխություն չի եղել։ Ինչ վերաբերում է տնտեսության դոլարիզացիային, ապա ես բազմիցս ասել եմ, որ մենք, իրոք, այդ խնդիրն ունենք։

Դոլարիզացիայի տարբեր գնահատականներ կան, և ըստ այդ գնահատականների՝ այն տատանվում է 20-45%-ի սահմաններում։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը երիտասարդ պետություն է, և դոլարիզացիայի պրոբլեմները բնորոշ են մեր երկրի նման երկրներին։ Ես վստահ եմ, որ մենք քայլ առ քայլ գնալու ենք դոլարիզացիայի նվազեցման:

Այս ճգնաժամը շատ լավ առիթ է մեր ազգային դրամի կայունության համար, և եթե դիտարկենք արտարժութային շուկայի տատանումները, որոնք տեղի են ունեցել այս տարվա ընթացքում, կտեսնենք, որ հայկական դրամի փոխարժեքի տատանումները կայուն են եղել, մինչդեռ շուկայում դոլարը, եվրոն, նույնիսկ ոսկու գներն են մեծ տատանումներ ունեցել։ Նման պայմաններում մարդիկ փորձում են գտնել համեմատաբար կայուն արժույթ՝ իրենց խնայողությունները պահելու համար: Տնտեսության դոլարիզացիայի մակարդակը կնվազի ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը և տնտեսության վերականգնմանը զուգահեռ:

-Բայց չէ՞ որ բանկային համակարգում վարկերի ավելի քան 60%-ը և ավանդների մոտ 70%-ը արտարժութային են։ Դա արդյոք ռիսկեր չի՞ ստեղծում բանկերի համար։

-Իհարկե, արտարժութային ռիսկ ստեղծվում է։ Նման ռիսկերի կառավարումը բանկերի համար սովորական և ընթացիկ գործընթաց է: Ես կարևորում եմ արտարժութային ռիսկի կառավարումը, քանի որ այսօր այն մեծ ազդեցություն ունի վարկային ռիսկի վրա: Եվ, օրինակ, եթե բանկի գնահատականով վարկառուն արտարժութային ռիսկ է կրում, ապա փորձում ենք նրա վրա լրացուցիչ ռիսկ չդնել և վարկավորումն իրականացնել դրամով։ Հնարավորության դեպքում բանկերը փորձում են դրսից միջոցներ ներգրավել հայկական դրամով և ներքին շուկայում էլ մեծ ուշադրություն են դարձնում դրամային ներգրավումներին:

-Ի՞նչ մարտահրավերների առջև կկանգնի տնտեսությունը արտահանման հնարավոր կրճատման և դրամի արժևորման արդյունքում:

-Խոսելով մակրոտնտեսական մարտահրավերներից՝ եկեք վերացարկվենք այն բոլոր կաղապարներից, որոնք ունեցել ենք մինչև ճգնաժամը։ Շատ կարևոր է ունենալ կայուն տնտեսություն, որն իր հերթին պահանջում է դրամի կայունություն: Եթե խոսում ենք շուկայում տեղի ունեցող պրոցեսներից, ապա դրամի թուլացումը կամ արժևորումը պետք է լինի սահուն: Դրա ապահովումը պետք է իրականացնի պետությունը:

Ինչ վերաբերում է այսօրվա մարտահրավերներին, որոնք նույնպես կապված են ազգային դրամի հետ, ապա դրանց դիմակայելու համար առաջին հերթին պահանջվում է տնտեսության վերակառուցում, այն է՝ արտահանման ուղղվածություն ունեցող արտադրատեսակների ավելացում և ներմուծմանը փոխարինող արտադրության խթանում:

Տնտեսագիտության մեջ կա էֆեկտիվ փոխարժեքի գաղափարը, որը շատ ավելի կարևոր է արտահանման պոտենցիալը գնահատելու համար: Այդ փոխարժեքը կապված է դրամավարկային քաղաքականության, վճարային հաշվեկշռի, ինչպես նաև երկրի հիմնական առևտրային գործընկեր երկրների մակրոտնտեսական ցուցանիշների հետ:

-Ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանում ցածր է, բայց բանկերը չեն շտապում ակտիվ վարկավորել տնտեսությունը և շարունակում են պահպանողական մնալ։ Ինչո՞ւ բանկերը չեն մեղմում վարկառուի վճարունակության չափանիշները և չեն ստեղծում հաճախորդներ, այլ միմյանցից, այսպես ասած, հաճախորդներ են «փախցնում»։

-Նախ՝ համաձայն չեմ, որ ֆինանսական միջնորդությունը Հայաստանում ցածր է։ Ասելով ցածր՝ պետք է հասկանանք նախ, թե որ երկրի համեմատ։ Միջնորդության ներկա չափը բնորոշ է Հայաստանի պես երկրներին։ Մենք պետք է արձանագրենք, որ միջնորդությունը վերջին երեք տարիներին ավելացել է։

Դրա մասին է վկայում բանկերի ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը, որն աճել է և կազմում է մոտ 50%։ Ինչ վերաբերում է «հաճախորդ խլելուն», ապա դա մրցակցության արդյունք է։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ գնաճային ճնշումների պայմաններում բանկային տոկոսադրույքները նվազում են։

Տարեկան միջինը ունենում ենք վարկերի տոկոսների իջեցում 2%-ով, և սա այն պայմաններում, երբ այլ ծառայությունների սակագներն ու ապրանքների գներն աճում են։ Տոկոսադրույքների նվազումը տեղի է ունենում բանկային համակարգում առկա մրցակցության արդյունքում, որից շահում է սպառողը: Բայց միաժամանակ բանկերը պետք է զգույշ լինեն, որովհետև տնտեսությունում առկա ռիսկերը պետք է համարժեք լինեն տոկոսադրույքներին:

-Ձեր գործընկեր բանկիրները նշում են, որ որոշ բանկեր առանձին ծառայությունների գծով դեմպինգ են անում։ Միությունն այս հարցում անելիք ունի՞։

-Կարծում եմ, որ «դեմպինգ» բառը տեղին չի օգտագործված: Որևէ մեկը չի կարող նշել, թե որքան է այլ բանկում ծառայությունների ինքնարժեքը: Ես կասեմ, որ դա մրցակցություն է, և մրցակցությունն ունի իր պտուղները: Ծառայությունների գների իջեցումն այսօրվա մրցակցային պայմաններում կարող է տեղի ունենալ հետևյալ դրդապատճառներով. նախ՝ դա բնորոշ է շուկա գրավող կամ մասնաբաժինն ավելացնող բանկերին՝ շահութաբերության մակարդակի իջեցման միջոցով, երկրորդ՝ ծախքերի կրճատում՝ արդյունավետության բարձրացման շնորհիվ:

Եթե շուկայի մասնակցի գործունեությունը պայմանավորված չէ այս պատճառներից որևէ մեկով, ապա նրա գործունեությունը դժվար թե երկարատև լինի: Այսօր բանկային համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ունենք շատ մեծ մրցակցություն, որը մոտ է տնտեսագիտության մեջ սահմանված կատարյալ մրցակցությանը: Եթե մենք տնտեսության իրական հատվածի այլ ճյուղերում ևս ունենանք այսպիսի մրցակցություն, կստանանք նույն էֆեկտը։

Մենք կոչ ենք անում, որ տնտեսության մյուս ճյուղերի կարգավորումը ևս լինի այնպիսին, ինչպիսին բանկային համակարգում է: Այդ դեպքում մրցակցությունն էլ բարձր կլինի: Ինչ վերաբերում է միության անելիքներին, ապա, եթե նկատվեն անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, բնականաբար դրանք կդառնան քննարկման առարկա:

-Եվրոգոտու զարգացումներն ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են ստեղծել հայկական բանկերի կողմից դրսից փոխառություններ ներգրավելու հարցում։

-Մենք ուսումնասիրել ենք այդ խնդիրը։ Ճգնաժամի առաջին ալիքի ժամանակ տեսանք, որ խնդիր ունեցան այն երկրները, որոնք ունեին վառվող փողեր։ Հայաստանում վառվող փողեր չկան: Մենք կարծում ենք, որ Եվրոպայում խնդիրների խորացման դեպքում միջոցների ներգրավումը թանկանալու և դժվարանալու է հայկական բանկերի համար, ուստի նրանք աղբյուրներ են փնտրելու տեղական շուկայում, Սփյուռքում, ինչպես նաև ասիական ֆինանսական շուկաներում: Մենք միջոցների ներգրավման այլընտրանքային հնարավորություններ ունենք և պարտավոր ենք դրանք օգտագործել։

-Այսինքն՝ գալիք տարի տոկոսադրույքների բարձացո՞ւմ է սպասվում։

-Ես չեմ կարող այսօր հստակ պատասխան տալ, քանի որ դա կախված է մի շարք հանգամանքներից՝ ներքին շուկայի իրացվելիության մակարդակից, Եվրամիության և Ռուսաստանի մակրոտնտեսական իրավիճակից։ Եթե բանկերի զարգացման այս տարվա միտումները և մրցակցությունը պահպանվեն, տոկոսադրույքների բարձրացում չի լինի։

-Արդեն մի քանի տարի խոսվում է բանկային համակարգում կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին։ Ըստ Ձեզ՝ գալիք տարի կլինե՞ն նման գործընթացներ: Առհասարակ ո՞րն է Հայաստանում բանկերի օպտիմալ քանակը:

-Նախկինում ես նշում էի 11 թիվը, որի հիմքում մեր տնտեսության չափերն էին և մեր նման երկրների, ինչպես, օրինակ, մերձբալթյան երկրների, բանկերի թիվը: Բայց կյանքը ցույց տվեց, որ հաշվարկը՝ հաշվարկ, իսկ շուկան իր օրենքներն ունի: Մեր բանկային համակարգում կոնսոլիդացիայի հնարավորություն կա:

Մենք ունենք բանկային համակարգ, որտեղ չկան ակտիվների մեծ կուտակումներ, ինչն ապահովում է մրցակցության բարձր մակարդակ: Այս պարագայում միաձուլումը և ձեռքբերումը կարող է շատ հետաքրքիր լինել շուկայում գործող սուբյեկտների համար: Կոնսոլիդացիայի արդյունքում հնարավոր է ավելացնել մասնաբաժինը շուկայում՝ կրճատելով ադմինիստրատիվ ծախսերը: Կա կոնսոլիդացիայի երկու տարբերակ:

Առաջին տարբերակը շուկայականն է, երբ շուկայի մասնակիցներն առանց որևէ արտաքին ազդեցության իրականացնում են միաձուլում՝ ելնելով վերը նշված պայմաններից: Մյուս եղանակը ադմինիստրատիվն է, երբ բանկերը միաձուլվում են կարգավորող մարմնի վարած քաղաքականության արդյունքում: Ասենք, օրինակ, բարձրացվում է կապիտալի պահանջի նորմատիվը, և բանկերը, չկարողանալով համալրել իրենց կապիտալները, միավորվում են։ Ես շուկայական կոնսոլիդացիայի կողմնակից եմ: