Մայիսին ընդառաջ

Երկրորդ՝ 2008թ. աղմկահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնք ուղեկցվեցին կեղծիքներով, հետընտրական շուրջօրյա հանրահավաքներով, բռնություններով, ձերբակալություններով ու մարտի 1-ի ողբերգական բախումներով, խորհրդարանական այս ընտրությունները համապետական առաջին ընտրություններն են:

Երրորդ՝ Հայաստանի միջազգային կերպարի (իմիջ) համար շատ կարևոր է, որ խորհրդարանական այս ընտրությունները չկեղծվեն: Խորհրդարանական ընտրությունների անարդար կազմակերպումն ու անցկացումը կթուլացնի Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը, այդ թվում՝ Արցախի հարցում:

Եվս մեկ կարևոր հանգամանք. Հայաստանի քաղաքացին՝ ընտրողը, վերջապես պետք է համոզվի, որ ընտրությունների արդյունքները ներկայացնում են հասարակության տրամադրությունները: Այսօրվա գործող խորհրդարանում 131 պատգամավորից ավելի քան հարյուրը ներկայացնում են իշխանական կուսակցությունները՝ Հանրապետականը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) և «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ), մինչդեռ Հայաստանի հասարակության մեծամասնությունն ունի ընդդիմադիր տրամադրություններ:

Նախքան մայիսյան խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համապետական նախորդ ընտրություններից պարբերաբար կհիշեցնենք ուշագրավ դրվագներ, ինչպես նաև կներկայացնենք այն կուսակցությունները, որոնք հնարավորություն ունեն առաջիկա ընտրություններում հաղթահարել խորհրդարան մուտքի հինգտոկոսանոց արգելքը:

Այսօրվա դրությամբ կարելի է ենթադրել, որ այդպիսի վեց կուսակցություն կա, երեքը իշխանությունից՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, որոնք այսօր ձևավորել են Կառավարությունը, և երեքն ընդդիմությունից՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), Դաշնակցությունը (ՀՅԴ) և «Ժառանգություն»-ը: Այս վերջին երեքից միայն ՀԱԿ-ն է, որ գործող խորհրդարանում չունի ներկայություն, մինչդեռ ՀՅԴ-ն ունի 16, իսկ «Ժառանգություն»-ը՝ 7 պատգամավոր:

Հայաստանի վերանկախացումից ի վեր տեղի են ունեցել նախագահական հինգ ընտրություններ, Անկախության մեկ և Սահմանադրության երկու հանրաքվե, խորհրդարանական չորս ընտրություններ: 1990թ. կայացած խորհրդարանական ընտրությունները չենք ներառել այս թվի մեջ, քանի որ 1990թ. Հայաստանը դե յուրե դեռ մաս էր կազմում հոգեվարք ապրող Խորհրդային Միությանը:

Մյուս կողմից, անշուշտ, այդ ընտրությունները ևս պետք է տեղավորել վերանկախացած Հայաստանի համապետական ընտրությունների պատմության օրագրի մեջ, քանի որ դրանք անմիջապես նախորդել են Հայաստանի անկախության հռչակմանը և, որ ավելի կարևոր է, եղել են առաջին բազմակուսակցական ընտրությունները 1919թ. Առաջին հանրապետության խորհրդարանական ընտրություններից ի վեր:

1990թ. խորհրդարանական ընտրություններին (այն ժամանակ կոչվում էին Գերագույն խորհրդի ընտրություններ), որոնք հարյուր տոկոսով մեծամասնական ընտրակարգով էին անցնում, մասնակցում էին հիմնական երկու ուժերի՝ Կոմունիստական կուսակցության ու Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պաշտպանած թեկնածուները: Ընտրությունների արդյունքում Կոմկուսն ու ՀՀՇ-ն ստացան մոտավորապես հավասար թվով տեղեր, սակայն Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանի մրցակիցը Վլադիմիր Մովսիսյանն էր: Միայն չորրորդ քվեարկությամբ Տեր-Պետրոսյանին հաջողվեց առավելության հասնել Մովսիսյանի նկատմամբ և 1990թ. օգոստոսի 4-ին դառնալ խորհրդարանի նախագահ և երկրի փաստացի առաջնորդ: Մի քանի օր անց ՀՀՇ գաղափարախոսներից և առանցքային դեմքերից մեկը՝ Վազգեն Մանուկյանը (որը հետագայում պետք է ստեղծեր իր կուսակցությունը՝ Ազգային ժողովրդավարների միությունը), ստանձնեց վարչապետի պաշտոնը:

1990թ. ձևավորված Գերագույն խորհուրդը, որն աշխատեց հինգ տարի Հայաստանի նորօրյա պատմության դժվարագույն շրջանում՝ մինչև 1995թ. ամառը, համարվում է ամենաորակյալը և «խելացին» Հայաստանի բոլոր խորհրդարաններից: Երբ Հայաստանում հաստատվեցին հայ ավանդական կուսակցությունները, Գերագույն խորհրդում, Կոմկուսից և ՀՀՇ-ից բացի, ձևավորվեցին կուսակցական մի քանի այլ խմբակցություններ, այդ թվում՝ ՀՅԴ-ն և ՀՌԱԿ-ը (ռամկավար-ազատական), ԱԺՄ-ն ու ՍԻՄ-ը (Սահմանադրական իրավունք միություն): Կային նաև այլ խմբեր ու խմբակցություններ, որոնք ունեին քիչ թվով անդամներ:

Հայաստանի Գերագույն խորհրդի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ նրանում ներկայացված էին նաև տասը պատգամավորներ Արցախից: Ճիշտ է, 1990թ. Արցախում Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններ չէին անցկացվել, սակայն Հայաստանի տարբեր ընտրատարածքներից պատգամավորներ ընտրվեցին տասը քաղաքական գործիչներ Արցախից, որոնց թվում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի երկրորդ և գործող նախագահները: Այն տարիներին երկուսն էլ, ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ներկայացնում էին իշխող ՀՀՇ կուսակցությունը:

Մեկնաբանել