Comedy Club-ի վերահսկումը՝ քառորդ միլիարդ

TNT-ն գնել է պրոդյուսերական կենտրոնը

Ռուսական «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ին պատկանող TNT ընկերությունների խումբը հայտարարել է Comedy Club Production (CCP) պրոդյուսերական կենտրոնի վերահսկիչ փաթեթի (75%-1 բաժնետոմս) ձեռքբերման մասին, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով TNT-ի երեկ տարածած մամլո հաղորդագրությունը։

Թեև գործարքի գումարը չի նշվում, ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ TNT-ն մտադիր է CCP-ի վերահսկիչ փաթեթի դիմաց վճարել շուրջ $250 մլն։ Ըստ TNT-ի գործադիր տնօրեն Ռոման Պետրենկոյի՝ CCP ձեռքբերումը պայմանավորված է հեռուստաընկերության զարգացման ծրագրերով։

TNT-ի մամլո հաղորդագրության համաձայն՝ գործարքն այնպես է կազմակերպվել, որ CCP-ն և հանգուցային պրոդյուսերները բարձր վարկանիշ ունեցող մի շարք հաղորդումների, սերիալների և շոուների ստեղծման հարցում TNT-ի նկատմամբ երկարատև պարտավորություններ են ստանձնել։

CCP-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի խոսքով՝ ընկերությունն այլ առաջարկներ ևս ստացել է, սակայն «ընտրել է TNT-ի հետ ապագան»։ Ըստ նրա՝ գործարքն իրավաբանական տեսանկյունից բավական բարդ է, քանի որ հեռուստաընկերությունը CCP-ին մի շարք երկարատև պայմաններ և խնդիրներ է առաջադրել, որը համատեղ տևական աշխատանք է պահանջում։

CCP-ն TNT-ի համար մեդիակոնտենտ արտադրում է դեռ 2005-ից։ Սկսելով Comedy Club շոուից՝ վեց տարվա ընթացքում CCP-ն դարձել է հեռուստաընկերության ամենախոշոր պրոդյուսերը և մեդիակոնտենտ արտադրողը։ Ներկայում CCP-ն մի շարք հայտնի հաղորդումների (Comedy Club, Comedy Women, Comedy Battle), շոուների («Դոմ-2») և սերիալների («Ինտեն», «Ունիվեր» «Ունիվեր. նոր հանրակացարան», «Նաշա Ռաշա») արտադրողն ու պրոդյուսերն է։ Ակնկալվում է, որ 2012թ. կմեկնարկեն մի շարք նոր նախագծեր, որոնք ներկայում դեռ նախապատրաստական փուլում են։

Նշենք, որ «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ի ակտիվների թվում են NTV, NTV+ հեռուստաալիքները, ինչպես նաև «Էխո Մոսկվի», Relax FM, Next FM, Սիթի-FM ռադիոալիքները: