Իրական աղանդը

Աղանդների հաջողությունը ո՛չ հոգեորսական գերհզոր հնարքներն են, ո՛չ էլ մարդկանց սոցիալական ծանր կացությունը շահարկելու հմտությունը: Ընդհակառակը, երիտասարդ ու անփորձ քարոզիչներն անասելի հեռու են հոգեորսությունից, իսկ նյութական դժվարությունն ի զորու չէ նվիրական հավատ ներշնչել, այն էլ խորթ աղանդի նկատմամբ:

Աղանդների ծաղկման իրական պատճառն այլ է, այն թաքնված է հավատքի և պետականության նկատմամբ հիասթափության հարթությունում:

Հավատացյալ հոտը տեսնում է ոչ թե սանիկի նվեր կամ էլ բարերարի առատաձեռն նվիրատվություն, այլ տարօրինակ շքեղ մեքենա: Հոտի անդամները խորապես անտարբեր են, թե ով է հովանավորում Էջմիածնի քահանայապետների ճոխ կենսաձևը: Փոխարենը, նրանք տեսնում են, որ մինչ հոտը կքում է զրկանքներից, հովիվներն ընկղմվում են վայելքի մեջ՝ խուսափելով կիսել հարազատ հոտի դժվարությունը:

Բացի այդ՝ ՀՀ քաղաքացուն հասու չէ, որ ԱԺ խորհրդարանականներն ու մնացյալ բարձրաստիճան պաշտոնյաները չունեն ոչ մի բիզնես, ամեն ինչ պատկանում է ընտանիքներին, դե վերջիններն էլ ընդամենը օգնում են՝ ի հաշիվ հետաշխատանքային հանգստի: Փոխարենը, այդ նույն քաղաքացին տեսնում է, որ Հայաստանում բոլոր եկամտաբեր բիզնեսներն ինչ-որ հրաշքով պատկանում են միմիայն պաշտոնյաների ընտանիքներին, իսկ շարքային մարդկանց մնում է բավարարվել խղճուկ մնացուկներով:

ՀՀ քաղաքացին նաև չի գիտակցում, թե որն է ծառայողական շքեղ մեքենաների ու պետական մյուս ճոխ գնումների իմաստը: Փոխարենը, նա ենթադրում է, որ ազգի համար ծանրագույն շրջանում միգուցե արժեր խնայել: Վերջին հաշվով, պետպաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը կախված չէ նրա մեքենայի ճոխությունից կամ շքեղության այլ պարագաներից, ասենք՝ թանկարժեք դյուրակիրներից: Թող խնայված միջոցները լինեին աննշան, միևնույն է, ճգնաժամի պահին իշխանության՝ հանուն համաքաղաքացիների գոտիները ձգելու պատրաստակամությունը կստեղծեր միասնականության և վստահության զգացողություն… իսկ այսպես՝ թերահավատության ու օտարության խորացող անդունդ:

Այսքանից հետո դժվար է պահպանել հավատը պետության և եկեղեցու նկատմամբ: Հավատի կորստյամբ էլ անէանում է պետականության և Առաքելական կրոնի մեջ մարմնավորվող հայրենիքի հետ կապը: Եվ մարդիկ, արդեն օտարանալով հայրենիքից, կա՛մ պարզապես լքում են այն, կա՛մ էլ հարում աղանդների:

Կա երկու ուղի: Կա՛մ շարունակել պայքարել հողմաղացների դեմ՝ ի դեմս հոգեորսների ու արևմտյան դավադրության, կա՛մ էլ մատնանշել խնդրի իրական ակունքները: Պարզապես երկրորդ դեպքում իրական թշնամուն պետք է փնտրել ներսում՝ որոշ հղփացածների շարքում:

Կհերիքի՞ հայաստանյան վերնախավի կամքը գնալ նման փշոտ ուղով: Դժվար է ասել: Ինչևէ, հակառակ պարագայում հենց նրանք կլինեն մի ողջ ազգի «աղանդավորեցման» մեղավորը: