Music is the answer ձայնասկավառակը թողարկվել է Sony Music-ի կողմից, որին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիմել էր դեռևս 2010թ.։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սա մեծ հաջողություն է համարում։ «Հայաստանում առաջին դեպքն է, երբ Sony Music-ը ինչ-որ բան է թողարկում։ Մենք համերգաշար ունեցանք Եվրոպայում, որը լայն արձագանքների արժանացավ։
Ուրախալի է փաստել՝ մարդիկ, որոնք նախկինում Հայաստանի անունը լսել էին այլ առիթներով, եվրոպական համերգաշարի արդյունքում Հայաստանն այլ տեսանկյունից էլ դիտեցին: Կարծում եմ, որ այդ հաղթանակը ոչ միայն մեր կոլեկտիվինն է, այլև ընդհանուր գաղափարի հաղթանակ է»,– վերջերս պատմում էր Սմբատյանը։
Երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների ուժերով։ 2007-ից այն արդեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն էր, 2008թ. նրան շնորհվեց պետական նվագախմբի կոչում: Այս ընթացքում երիտասարդ երաժիշտները հասցրել են հանդես գալ աշխարհի խոշորագույն համերգասրահներում՝ Փարիզի Opera Garnier-ում, բեռլինյան Konzerthaus-ում, մոսկովյան Չայկովսկու անվան մեծ համերգասրահում, Կոնսերվատորիայի համերգասրահում:
Նվագախմբի հետ հանդես են եկել աշխարհահռչակ արտիստներ Վլադիմիր Սպիվակովը, Դենիս Մացուևը, Վադիմ Ռեպինը, Միշել Լեգրանը։ Սկավառակը կարող է նոր փուլի սկիզբ նշանավորել երիտասարդ կոլեկտիվի պատմության մեջ՝ ճանաչված լեյբլի թողարկած ձայնագրությունները տարածվում են ամբողջ աշխարհում:
Ձայնասկավառակում ներկայացված են Էդուարդ Հայրապետյանի «Մոլորված փուչիկ»-ը, Չայկովսկսկու Սերենադը՝ լարային նվագախմբի համար, և Շոստակովիչի Կամերային սիմֆոնիան, որն իրականում կոմպոզիտորի կվարտետներից մեկի փոխադրությունն է՝ կատարված Ռուդոլֆ Բարշայի կողմից: Սմբատյանը ծրագիրը կազմելիս փորձել է հայկական և ռուսական կոմպոզիտորական դպրոցների հետաքրքիր համադրություն ստեղծել: Ձայնագրությունը կատարվել է 2010թ. Բեռլինի Konzerthaus-ում կայացած մենահամերգի ընթացքում Sony Music-ի մասնագետների կողմից:
Իսկ հունվարի 26-ին, շնորհանդեսից բացի, կկայանա համերգ, որին կմասնակցի Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր ու հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը, ում կատարմամբ առաջին անգամ Հայաստանում կհնչի ավստրիացի կոմպոզիտոր Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի Ջութակի կոնցերտը: