Կյանքը վերաիմաստավորելիս

Արցախցի դառնալը էմոցիոնալ որոշում է: Ցավոք, մեր հայրենիքի այս մասը չի դառնում վայր, որտեղ կարելի է գալ բարձր կենսամակարդակի, որակյալ կրթության կամ առողջապահության հետևից: Այնուամենայնիվ, արդեն պատերազմի ժամանակ այստեղ եկան խորհրդային բանակի հայազգի լավագույն մասնագետները, Սփյուռքից՝ դիվերսիոն գործողությունների գիտակները: Գեներալ Քրիստաֆոր Իվանյանի, Մոնթե Մելքոնյանի անունները գիտեն բոլոր արցախցիները, նրանց անուններով Արցախում բնակավայր, փողոցներ ու ուսումնական հաստատություններ կան:

Ցավոք, հետպատերազմյա Արցախում քիչ են տարբեր ոլորտների Իվանյանները, մարդիկ, որոնք ճանաչման ու բարձր պրոֆեսիոնալիզմի են հասել այլուր, սակայն եկել են հայրենիք՝ իրենց նպաստը բերելու նրա հզորացմանը: Այդպիսի քչերից են, օրինակ, Արցախի Կամերային նվագախմբի ղեկավար Գևորգ Մուրադյանը, վերոնշյալ Գրիգորի Գաբրիելյանցը:

Հայրենիքում անկախ պետության ստեղծումը համախմբող իրադարձություն է, նամանավանդ երբ այդ անկախությունը ձեռք է բերվում ծանր գնով: Հայաստանի Առաջին հանրապետության օրոք, չնայած երկրի չքավորության ծայրահեղ աստիճանին, այստեղ ժամանեց հայ մտավորականության սերուցքը: Նույն գործընթացը շարունակվեց Հայաստանի խորհրդայնացումից հետո:

1920-ական թթ. սկզբներին Խորհրդային Միության լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկին այցեր էր կատարում միութենական եւ ինքնավար հանրապետություններ՝ ճշտելու տեղերում գիտական, կրթական եւ մշակութային կադրերի առկայությունը, որակը եւ այլ հատկանիշներ: Գնացքով ժամանած Լունաչարսկին մտնում է Գյումրի, որը նոր էր ավերվել երկրաշարժից: ԽՍՀՄ ժողկոմին հյուրընկալելու համար նույնիսկ կանգուն տուն չկար, եւ նա գիշերը պետք է անցկացներ վագոնում:

Երեկոյան նրա վագոն են գալիս ու հրավիրում օպերա դիտելու: Օպերա՝ ավերակների վրա՝ Տիգրանյանի «Անուշը»: Հաջորդ օրը նա Երեւանի պետական համալսարանում հանդիպում է ունենում պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, որի մեջ էին ժամանակի եվրոպական լավագույն բուհերում կրթություն ստացած Հրաչյա Աճառյանը, Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը եւ այլք: Նրանց հետ զրույցը մեծ տպավորություն է թողնում ԽՍՀՄ ժողկոմի վրա, եւ հանրապետություններ իր շրջայցն ավարտելուց հետո Լունաչարսկին հայտարարում է, որ Հայաստանը միակ հանրապետությունն է, որ կադրերով ապահովված է:

Գրիգորի Գաբրիելյանցը՝ հայտնի պետական գործիչ և գիտնական, Ստեփանակերտում տուն է գնել և դարձել արցախցի: Իր հետ բերել է նաև քարերի իր հազվագյուտ հավաքածուն՝ Արցախում թանգարան ստեղծելու նպատակով: Մոսկվայում մինչ այդ նախաձեռնել էր Արցախի գեղարվեստի պետական պատկերասրահի համար գործերի հավաքում: Ի՞նչ է սա՝ հայրենիքի կանչ, թե փախուստ իրականությունից: Առանձնապես ոչինչ, մարդիկ ժամանակ առ ժամանակ կարիք են զգում կյանքի վերաիմաստավորման, և Արցախը դրա համար լավագույն տարբերակն է: Հետևաբար՝ Գաբրիելյանցի օրինակը նաև կոչ է, կյանքը վերաիմաստավորելու կոչ:

Մեկնաբանել