Օտար ճամփեքի վրա…

Երիտասարդները նախընտրում են ԱՄՆ-ը

Երիտասարդներն արտերկրում աշխատելու և կարիերա անելու համար ամենագրավիչ երկիրը համարում են Միացյալ Նահանգները։ Այս մասին են վկայում PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերության՝ 2011թ. երկրորդ կիսամյակում 75 երկրի բուհերի 4634 շրջանավարտի շրջանում անցկացված հարցման արդյունքները։

Հարցման մասնակիցների 58%-ը ցանկություն է հայտնել աշխատել և իր ապագա գործունեությունը ծավալել ԱՄՆ-ում։ Ցանկում նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան (48%), Ավստրալիան (39%), Կանադան (33%) և Գերմանիան (32%)։ Ռուսաստանը եզրափակում է օտարերկրացիների համար ամենագրավիչ երկրների թոփ-30-ը։ Այստեղ աշխատելու ցանկություն է հայտնել հարցվածների 8%-ը։ Ռուսաստանին նախորդում են Թաիլանդը (29-րդ), Հյուսիսային Կորեան (28-րդ) և Հունաստանը (27-րդ տեղ)։ Ընդհանուր առմամբ, արտերկրում աշխատելու ցանկություն է հայտնել հարցման մասնակիցների 71%-ը։

Հատկանշական է, որ ամենաշատը սեփական երկիրը լքելու ցանկություն են հայտնել Աֆրիկայի (93%), Կենտրոնական և Հարավային Ամերիկայի (81%) բնակիչները։ Եվ ընդհակառակը՝ արտերկրում կարիերա անելու հեռանկարը ամենաքիչն է ոգևորել ասիական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի և Կարիբյան ավազանի երկրների բնակիչներին։

Հետաքրքիր է, որ հարցման մասնակիցների 52%-ի համար արտագնա աշխատանքն առաջին հերթին լուծում է կարիերային արագ աճի խնդիրը, 44%-ի համար ամենագրավիչը մրցունակ աշխատավարձի գործոնն է։ Ընդ որում՝ հարցման մասնակիցների 25%-ն ակնկալում է ունենալ առնվազն 6 գործատու։

Շրջանավարտների մեծ մասը նշել է, որ տնտեսական խնդիրների պատճառով հաճախ է հարկադրված լինում զիջումների գնալ աշխատատեղ որոնելիս։ Նրանց 72%-ը կարծում է, որ աշխատանքի ընդունվելիս գնացել է որոշակի փոխզիջումների։

Հարցման մասնակիցների 38%-ը, որ ներկայում աշխատանք ունի, ակտիվորեն նոր աշխատատեղ է փնտրում, իսկ 43%-ը «բաց է նոր առաջարկների համար»։ Հարցման մասնակիցների միայն 18%-ն է պատրաստ երկարաժամակետ հեռանկարում չփոխել ընթացիկ աշխատավայրը։

Մեկնաբանել