Կիմ Չեն Իրը «ոչ» ասաց Չինաստանին

Հյուսիսային Կորեան արգելել է յուանի շրջանառությունը

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում արգելվել է չինական յուանի և օտարերկրյա այլ արժույթների շրջանառությունը, հաղորդում է AFP գործակալությունը։ Հյուսիսային Կորեայի կառավարության հայտարարության համաձայն՝ սա երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի վերջին կարգադրություններից էր։

Չինական արժույթը Հյուսիսային Կորեայում լայնորեն շրջանառվել սկսեց Պհենյանի 2009թ. արժութային անհաջող բարեփոխումներից հետո։ Ավելին՝ առևտրականներից շատերն այստեղ ապրանք միայն արտարժույթով են վաճառում։

Հյուսիսային Կորեայի կառավարության որոշման համաձայն՝ յուանի և օտարերկրյա այլ արժույթների օգտագործումը խստորեն պատժվելու է, գործառնությունների ընթացքում հայտնաբերված արտարժույթը բռնագրավելու են իրավապահ մարմինները, իսկ երկրի քաղաքացիները պարտավոր են գնալ բանկ և իրենց տրամադրության տակ ունեցած արտարժույթը փոխանակել վոնի։

Փորձագետները զգուշանում են, որ կառավարության նման գործողություններն առևտրային շուկայում քաոս կստեղծեն, որոնցում առանց այն էլ բավական սահմանափակ է հյուսիսկորեական վոնի շրջանառությունը։ Ընդ որում՝ շատերի համար այս շուկաները սննդամթերք ձեռք բերելու միակ հնարավորությունն են, քանի որ երկրում իրականում գրեթե չի գործում պարենամթերքի բաշխման պետական համակարգը։

Մեկնաբանել