Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպել էր՝ ներկայացնելու այս տարվա նախարարության գերակա ուղղությունները։ Դրանք չորսն են. 1) Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ բարեփոխումների իրականացում: 2) Հարկային և մաքսային օրենսդրության ռազմավարական սկզբունքների վերանայում:
3. Հանրային հատվածի պետական կառավարչական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրում: 4. Պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի եզրակացությունների հրապարակումը կանոնակարգելու իրավական ակտերի նախագծերի ներկայացում:
Հունվարի վերջին ԱՄՀ-ն վերանայել էր Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի ցուցանիշները, այդ թվում՝ եվրոգոտու, որտեղ այս տարի կանխատեսվում է 0,5% անկում՝ նախորդ կանխատեսման 1,1% աճի փոխարեն, իսկ Ռուսաստանում՝ 3,3% աճ (նախկինում կախնատեսվում էր 4,1% աճ)։ Ռուսաստանին և Եվրամիությանը բաժին է ընկնում Հայաստանի արտահանման մոտ 65%-ը, իսկ Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումների մոտ 70-80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։
«Օրակարգ»-ի հարցին՝ արդյոք Ֆինանսների նախարարությունը չի՞ պատրաստվում նման պայմաններում վերանայել պետբյուջեն, քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված Դ101 մլրդ լրացուցիչ եկամուտների զգալի մասը (մոտ Դ70 մլրդ-ը) պետք է ստացվի 4,2% տնտեսական աճի հաշվին, Գաբրիելյանը պատասխանեց, որ այս պահին բյուջեի էական վերանայման անհրաժեշտություն չի տեսնում։
«Իհարկե, կան էական մակրոտնտեսական ռիսկեր, որոնք գալիս են Եվրամիությունից և Ռուսաստանից, որոնք կարող են ազդել Հայաստանի վրա, բայց մյուս կողմից՝ ռուսական պաշտոնյաներից մեկը օրերս տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի համար կանխատեսում են 4-4,5% տնտեսական աճ»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ թեև արտաքին միջավայրում խնդիրներ կան, բայց կարող են և չառարկայանալ։ «Պետբյուջեի հունվարյան կատարողականը շատ բավարար է, տնտեսական աճի ցուցանիշները՝ ևս, և այդ տեսակետից դեռևս մտահոգության տեղիք չկա»,– ասաց Վաչե Գաբրիելյանը։