Գլխավոր Լրահոս

Մի մեծ ուժ է եկել հայկական կինո

Մի մեծ ուժ է եկել հայկական կինո

-Պրն Խաչատրյան, Դուք օրերս վերադարձաք Բեռլինյան փառատոնից։ Կկիսվե՞ք տպավորություններով, արդյոք կտեսնե՞նք մրցանակակիր ֆիլմերը Հայաստանում։

-Հետաքրքիր բաներ են կատարվում: Եվրոպական կինոն սկսում է ուժեղանալ: Ամենազարմանալին ինձ համար այսօր ռումինական կինոն է՝ մեծ արձագանքի է արժանանում բոլոր փառատոներում:

Ինձ համար կինոյի շարժիչ ուժը մշտապես հեղինակային կինոն է եղել: Կինոն զարգացրել են մարդիկ, որոնք հետաքրքիր մոտեցում են ունեցել կյանքին, մարդկանց, պատմությանը, որոնք ավելի շատ մտածել են մշակույթի և հոգևորի մասին, այլ ոչ ժամանցի:

Բեռլինում հանդիպեցի Տավիանի եղբայրներին, որոնք նախկինում մասնակցել են «Ոսկե ծիրան»-ին, և նորից հրավիրեցի նրանց: Այնպես որ՝ այս տարի կցուցադրենք «Բեռլինալե»-ի հաղթող ֆիլմը:

-Առհասարակ, ի՞նչն է առաջնայինը փառատոնի ծրագիրը կազմելիս։

-Աշխատում ենք ոչ թե հայտնաբերել ֆիլմեր, նոր անուններ, կամ նոր ոճ, այլ բերում ենք հեղինակների, որոնք հայտնի են աշխարհում, կայացած են: Ֆիլմերի փնտրտուքը ամբողջ տարի է տևում: Մեր ընտրողները լուրջ մասնագետներ են՝ Միքայել Ստամբոլցյան, Սուսաննա Հարությունյան, Արա Խանջյան, Անդրեյ Պլախով, Լյուդմիլա Ցվիկովա:

Մենք նաև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ռեգիոնալ ծրագրին, որովհետև ուզում ենք, որ փառատոնային ծրագրեր ընտրողները և նրանք, ում հետաքրքրում է միջինասիական, իրանական, թուրքական, վրացական կինոն, գան մեր մոտից ընտրեն: Մեր լավագույն ծրագիրը «Հայկական համայնապատկեր»-ն եմ համարում: Այն Հայաստան է բերում հայազգի ռեժիսորներին:

-Դժվարություններ չե՞ք ունենում «Հայկական համայնապատկեր»-ը կազմելիս։

-Իհարկե ունենում ենք: Բայց քանի որ դա մեր ազգային կինոն է, և մենք նպատակ ունենք ծանոթացնելու մեր ազգային կինոարվեստին, փոքր-ինչ զիջողական սկզբունք է գործում: Նաև խանգարում է հայ ռեժիսորների կոմպլեքսավորվածությունը: Նրանք վիրավորվում են և չեն ցանկանում իրենց ֆիլմը ցուցադրել ոչ մրցութային ծրագրում: Եթե մրցանակ չեն ստանում, խանդի տեսարաններ են ստացվում:

Շատերը կարծում են, որ եթե իրենց ֆիլմը Հայաստանում է ցուցադրվում, ուրեմն մրցանակը երաշխավորված է: Սակայն մենք հստակ սկզբունք ունենք՝ չմիջամտել ժյուրիի աշխատանքին: Եթե մեկ անգամ որևէ մեկը համարձակվի նման կերպ վարվել, հաջորդ տարի փառատոնը կկորցնի հեղինակությունը:

-Գոյության ինը տարիների ընթացքում արդյոք «Ոսկե ծիրան»-ը կարողացա՞վ ինչ-որ կերպ ազդել երիտասարդ ռեժիսորների մտածողության վրա։

-Երբ նոր էինք սկսում փառատոնը, իրավիճակը շատ վատ էր: Մի քանի ռեժիսոր էին ընդամենը կինո նկարում՝ նույն ոճով, նույն մտածողությամբ:

Առաջին տարիներին շատ էին զիջում մեր երիտասարդները: Սակայն հիմա լավ ռեժիսորներ են հայտնվել՝ Մարիա Սահակյան, Նիկա Շեկ, Հովհաննես Գալստյան, Վարդան Հովհաննիսյան, Արման Երիցյան, Արամ Շահբազյան: Մի մեծ ուժ է եկել հայկական կինո, որը միանգամայն համահունչ է համաշխարհային կինոյի միտումներին։

-Այս տարի «Ոսկե ծիրան»-ին առաջին անգամ «Վեբ ծիրան»-ը միացավ։ Ո՞րն էր նպատակը, և արդյոք ստացվե՞ց մրցույթը։

-Ցանկանում էինք արտահայտվելու հնարավորություն տալ այն երիտասարդներին, որոնք պրոֆեսիոնալ տեխնիկա չունեն: Որոշեցինք ժամանակակից տեխնոլոգիաների դիմել և ինտերնետի միջոցով այն անցկացրեցինք: Մոտ երեսուն հազար մարդ նայեց այդ ֆիլմերը:

Սկզբում որոշել էինք շատ խիստ չլինել, ընդունել նույնիսկ միջակ ֆիլմեր, բայց բավական հետաքրքիր աշխատանքներ կային: Միայն մի բանում էինք սխալվել՝ օնլայն քվեարկությունը տապալվեց, քանի որ նկատեցինք, որ շատերը կեղծում էին արդյունքները՝ ինչ-ինչ ճանապարհներով արհեստականորեն ձայներ լցնելով: Վերանայեցինք սկզբունքը և ժյուրի ընտրեցինք: Ծրագրում ենք տարին երկու անգամ անցկացնել այս մրցույթը, կարծում եմ՝ լավ արդյունք կունենանք:

-Դուք հաճախ եք սոցիալական խնդիրների անդրադառնում։ Ինչի՞ն են ավելի շատ ձգտում Ձեր ֆիլմերը՝ հրապարակախոսությա՞ն, թե՞ գեղարվեստականության։

-Ամեն արվեստ գեղարվեստական է: Վավերագրական կինոն էլ է գեղարվեստական մոտեցմամբ ստեղծվում: Իմ ֆիլմերը և՛ վավերագրական են, և՛ խաղարկային ու գեղարվեստական արժեք ունեն, եթե ուրիշներին լսեմ: Ես նկարում եմ այն, ինչ ինձ հանգիստ չի տալիս: Խնդիրների մասին է, որոնք տեսնում եմ մեր ազգի մեջ, շրջապատում, փողոցում, սփյուռքում:

-Հիմա ինչի՞ վրա եք աշխատում, «Ոսկե ծիրան»-ին նոր ֆիլմ կներկայացնե՞ք։

- Այս տարի ոչ, նոր ֆիլմն աշնանը միայն պատրաստ կլինի: Կոչվում է «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ»: Այն հայ մարդկանց փախուստի մասին է՝ երկրից, ժողովրդից, տնից: Առանց մեղադրելու և փնովելու՝ փորձում եմ հասկանալ, արդյոք դա ազգային սովորություն է, թե ժամանակներն են այդպիսին՝ համաշխարհային երևույթ է: Հարցերը շատ են, իսկ պատասխաններն ու մտահոգությունները հանդիսատեսի մոտ պիտի առաջանան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում