Հեջ ֆոնդերի երբեմնի լավագույն կառավարիչը զիջել է տիտղոսը
Ամերիկացի ներդրող Ռեյ Դալիոն դարձել է ներդրումային հիմնադրամների՝ հեջ ֆոնդերի 2011թ. ամենահաջողակ կառավարիչը՝ առաջ անցնելով հայտնի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսից, գրում է բրիտանական The Financial Times-ը։
Դալիոյի հաջողությունները պայմանավորված են 2011թ. նրա Bridgewater Pure Alpha ֆոնդի վաստակած $13,8 մլրդ-ով։ 1975թ. հիմնադրումից հետո այս ֆոնդն ընդհանուր առմամբ վաստակել է $35,8 մլրդ, այն դեպքում, երբ Սորոսի Qunatum Endowment Fund-ի ցուցանիշը $31,2 մլրդ է։
Ընդհանուր եկամտաբերության ցուցանիշով աշխարհում երրորդ տեղում Ջոն Պոլսոնի Paulson & Co հեջ ֆոնդն է՝ $22,6 մլրդ-ով։ Ընդ որում՝ այս հիմնադրամը նախորդ երկուսից շատ ավելի ուշ է հիմնվել՝ 1994թ.։
Դալիոյի հեջ ֆոնդը ներկայում խոշորագույնն է աշխարհում։ Այն տնօրինում է $71,9 մլրդ ընդհանուր ծավալով ներդրողների միջոցներ։
Հատկանշական է, որ 2011-ը հեջ ֆոնդերի համար հաջող տարի չէր. նրանք կորցրել են մոտ $123 մլրդ։ Բացի այդ՝ հեջ ֆոնդերի պատմության մեջ արձանագրվեց ամենամեծ զուտ վնասը, որը բաժին ընկավ Paulson & Co-ին՝ $9,6 մլրդ։ Իր մասշտաբներով այս վնասը գերազանցեց անգամ Long Term Capital Management-ի սնանկացումը, որի հիմքում արևելաասիական տնտեսությունների 1998թ. ճգնաժամն էր ու դեֆոլտը Ռուսաստանում։ Ջոն Պոլսոնի խաղադրույքը 2011թ. համաշխարհային տնտեսության և ֆոնդային շուկայի արագ վերականգնման վրա էր, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։
Hedge Fund Research-ի տվյալների համաձայն՝ 2011թ. 11 ամիսների ընթացքում միջին վիճակագրական հեջ ֆոնդի վնասները կազմել են 4,37%։ Հետաքրքրական է, որ ըստ ամերիկյան օրենսդրության՝ հեջ ֆոնդերի կառավարիչներն ավելի քիչ եկամտահարկ են վճարում, քան երկրի շարքային մյուս հարկատուները։