Երկիրը կառուցե՛նք, երկի՛րը

Ցեղասպանություններ ժխտելը չի կարելի արդարացնել որևէ այլ իրավունքով

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը (Սահմանադրական դատարանը) փետրվարի 28-ին դեմ քվեարկեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Սենատի այս տարվա հունվարի 23-ի օրինագծին՝ այն համարելով հակասահմանադրական, քանի որ «օրինագիծը սահմանափակում է խոսքի ազատությունը»:

Աշխարհի ամենաանաչառ դատարանի կամ դատավորի ամենաանաչառ որոշման մեջ անգամ առկա է քաղաքական դրդապատճառը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը դրա վառ օրինակներից է, որքան էլ հայկական օրինագծի մերժումը իբր խոսքի ազատությունը սահմանափակելու մտահոգությամբ մեկնաբանվի:

Ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հանցագործությունը, մարդու իրավունքների ամենաաղաղակող ոտնահարում է, քանի որ ոչ միայն մարդն է զրկվում Աստծո կողմից տրվածից՝ կյանքից, այլև մի ժողովուրդ ամբողջությամբ կամ մասամբ դառնում է պետականորեն ծրագրված և իրականացված ոճրագործության զոհը: Հետևաբար՝ ցեղասպանությունները ժխտելը չի կարելի արդարացնել մարդու իրավունքների պաշտպանության որևէ այլ իրավունքով:

Զարմանալին ոչ այնքան ֆրանսիացիների կեցվածքն է, որքան Հայաստանի ու Սփյուռքի զգացմունքային արձագանքը: Ե՞րբ պետք է հասկանանք, որ աշխարհում կան շահեր, որոնց գինը հաճախ այնքան թանկ է, որ կարող է դրա համար զոհաբերվել մի ողջ ժողովրդի ողբերգությունը: Ընդ որում՝ մի քանի անգամ, եթե այդպես են պահանջում շահերը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 2007թ. նախագահական ընտրությունների նախօրեին ֆրանսահայ համայնքին խոստացավ, որ ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանության օրինագծի վավերացման ուղղությամբ քայլեր կձեռնարկի, սակայն նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ անց խորհրդապահական կերպով Անկարա գործուղեց Ելիսեյան պալատի դիվանագետներից մեկին՝ թուրքական իշխանություններին վստահեցնելով, որ ինքը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի հայկական օրինագիծը Սենատում «թաղվի»:

Երբ «Վիկիլիքս»-ը հրապարակեց այս գաղտնիքը, հայերը Սարկոզիին մեղադրեցին ուխտարժության, անգամ դավաճանության մեջ՝ մոռանալով, որ Ֆրանսիայի շահերը այդ պահին պահանջում էին թաղել հայկական ողբերգությունը:

Նույն Սարկոզին անցնող տարվա հոկտեմբերին, երբ Երևանում հրապարակավ հայտարարում էր, թե իր երկիրը պատրաստ է քայլեր ձեռնարկել Ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու ուղղությամբ, հայերը Սարկոզիին աստվածացրին, համարեցին հայ ժողովրդի բարեկամ, մարդու իրավունքների պահապան հրեշտակ: Մենք կրկին մոռացանք, որ Ֆրանսիայի շահերն են պահանջում դա, այլ ոչ թե Սարկոզիի ականջը ծակում են Տեր Զորում և մահվան երթերում սպանվող հայ երեխաների ու կանանց ճիչերը:

Բայց ֆրանսիական ցինիզմը կատարյալ չէր լինի, եթե դրան միանալու չգար Հայաստանի պաշտոնական ու Հանրապետական կուսակցության ցինիզմը: Բաղրամյան 26-ի կրնկի տակ պահվող հեռուստաընկերություններն ու երիտասարդ հանրապետականները գովաբանում ու գովերգում էին Հայաստանի ղեկավարությանը, հեռուստաէկրաններից ու մամուլի ակումբներում փառաբանում Հայաստանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը, որի ջանքերով իբր Սենատը հունվարի 23-ին ընդունեց հայկական օրինագիծը:

Եվ դա արվում էր առաջին հերթին ոչ այնքան կարևորելու օրինագծի ընդունումը, որքան համոզելու հայ ժողովրդին, որ հայ-թուրքական արձանագրությունները (որոնք պայմանագրեր են) չեն խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Անկասկած, կարևոր է, շատ կարևոր է, որ Ֆրանսիայի նման ազդեցիկ երկրում և ընդհանրապես ամբողջ աշխարհում ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև դրա մերժումը կամ ծանակումը (ինչն անում են թուրքերն ու ադրբեջանցիները պետական մակարդակով) քրեականացվի: Սակայն մյուս կողմից՝ հայերս պետք է ձերբազատվենք զգացմունքային հակազդեցությունից՝ պետությունների ու նախագահների հասցեին շռայլելով դավաճան ու բարեկամ պիտակները:

Հայաստանը միջազգայնորեն ավելի մեծ հարգանք կվայելի, երբ մենք արդար երկիր ունենանք: Որքան էլ շահերը գերիշխեն մյուս արժեքների նկատմամբ, ժողովրդավարական, սոցիալապես արդար երկիր Հայաստանի ձայնը ավելի լսելի կլինի միջազգային հանրության, այդ թվում՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի համար:

Եվ ուրեմն՝ մեր ռեսուրսները նախ և առաջ պետք է ծախսենք արդար Հայաստան ունենալու համար, որպեսզի ֆրանսիացիներն ու մյուս ազգերը հեշտությամբ չշահարկեն մեր պատմության ամենաողբերգական էջը:

Մեկնաբանել