Կրթության սև հումորը՝ Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ն արդեն հասկացել է՝ ինքը չի կարող խաղալ քաղաքակիրթ ընտրության խաղի կանոններով։ Ինքը գիտի, որ ոչ քաղաքակիրթ խաղի բոլոր լծակներն իր կուսակցության ձեռքին են։ Եվ ինչքան քիչ լինեն  հզոր մրցակիցները, այնքան քիչ կարիք կլինի կիրառել խաղի ոչ քաղաքակիրթ մեթոդները։ Ինքը «ընտրակաշառք» հասկացություն չգիտի, եթե դա վերաբերում է ՀՀԿ-ին։ Դիցուք, այս տարի որոշել են գյուղացիների վրայից 43 միլիարդ դրամի հարկային բեռ վերցնել, որը կուտակվել է նախորդ տարիներին։ Դա ՀՀԿ-ի բառապաշարով կոչվում է գյուղացիների հոգսերի թեթևացում։

«Եթե թեթևացնում ենք, ուրեմն կաշառո՞ւմ ենք»,– հարցնում է Աշոտյանը։ Եթե քո գյուղատնտեսական քաղաքականությունն այնպիսին է, որ գյուղացին ավելի շուտ հարկային բեռի տակ է կքած, քան իր բերքի որակի ապահովման հոգսի տակ, ուրեմն քո հայտարարած հարկային բեռի թեթևացումը կոչվում է ընտրակաշառք։ Եվ ի դեպ, իր այդ «գյուղացիասիրությամբ» ՀՀԿ-ն հարկային բեռի թեթևացման հարց չի լուծել, այլ գյուղացիության ձայնն ընտրություններին իրենով անելու հարց։

Ու դա ինչպե՞ս է արվելու։ Չէ՞ որ գյուղացիները շատ էլ չեն կարևորում՝ իրենց հոգսերով տարվածը ՀՀԿ-ակա՞ն է, ԲՀԿ-ակա՞ն, թե՞ կոնգրեսական։ Բայց քվեարկության օրը գյուղապետը տնետուն է ընկնելու և ասելու է, որ «պտիչկա» դնեն ՀՀԿ-ի դեմ, որովհետև «հիշո՞ւմ եք, որ ձեր հարկային բեռը թեթևացրին. էդ ՀՀԿ-ն արեց»։

Արմեն Աշոտյանն ի՞նչ գիտի՝ ովքե՞ր են շուկաներում տնօրինում գյուղացիական բերքի սպառումը։ Ովքե՞ր են նրանցից էժան գնում բերքը և մի քանի անգամ թանկ վաճառում՝ այդպիսով գյուղացիներին դարձնելով քաղաքային բնակչության վատ վերաբերմունքի թիրախը։ Գյուղացիներն էլ չգիտեն։ Եվ, ընդհանրապես, ՀՀԿ-ն բոլոր անօրինականություններն անհատականացրել է, այսինքն՝ դրանք կատարում են առանձին մարդիկ։

Հետո կուսակցությունից հայտարարում են, որ չեն կարող մեկնաբանել, ասենք, Հերմինե Նաղդալյանի անձնական բիզնեսում արձանագրված ապօրինությունները; Տեղյա՞կ է կրթության նախարարը, թե մարզերն ինչպես են իրար մեջ բաժանել տեղական նշանակության օլիգարխները։ Այսինքն՝ այս կուսակցության խոշորությունը ուղիղ համեմատական է իր ապօրինությունների անընդգրկելի ծավալներին։ Եվ ամենասարսափելին, այնուամենայնիվ, այն է, որ գյուղացիությանը լավություն անում են պետական բյուջեի միջոցներով։

Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ խոսում էին կարտոֆիլի սերմացուն առաջին անգամ աննախադեպ ցածր գներով գյուղացիներին հատկացնելու մասին։ Այս կարտոֆիլը, ոչ մի կասկած, ավելի էժան գներով էլ բերել են։ Սարսափելի է, երբ քո պարտավորությունը որպես լավություն ես անցկացնում։ Իսկ որպեսզի գյուղացին գլխի չընկնի, կարևոր է, որ որևէ օղակով նա պարտավորության մասին չտեղեկանա, բայց տեղեկանա լավության մասին։

Միայն ուրիշի արած լավության մասին դատողություններով ապրող գյուղացին ինչպե՞ս հասկանա և զգա իր խնդիրների սրությունը։ Նա ոչ մի տարբերակ չունի։ Եվ, ի դեպ, դա ի՞նչ լավություն է, եթե 5 հազար դրամ ընտրակաշառքը, միևնույն է, անխուսափելիորեն բաժանվելու է։ Ինչպե՞ս անենք, որ կրթության նախարարը պետության արած լավությունների հաշվետվությամբ հանդես չգա։ Ես չէի ցանկանա, որ նախարարի պաշտոնը դառնար սև հումոր։

Մեկնաբանել