Պարգևավճարները հետաձգվում են

Ուոլ սթրիթում սպասում են ավելի լավ ժամանակների

Ուոլ սթրիթում կանխիկ պարգևավճարների ընդհանուր ծավալն անցած տարի, համեմատ 2010թ., կրճատվել է 14%-ով։ Սա պայմանավորված է շահույթների՝ դեռ անցած տարվա երկրորդ կեսից արձանագրվող նվազմամբ։ Բանկիրները 2011թ. կանխիկ պարգևավճարների կրճատման բացասական էֆեկտը փոխհատուցում են դրանց «հետաձգմամբ»՝ վճարումները թողնելով առաջիկա երկու-երեք տարվան։ Այս մասին ասված է Նյու Յորքի պետական վերահսկիչ վարչության հաղորդագրության մեջ, փոխանցում է Bloomberg-ը։

Ըստ վարչության տվյալների՝ 2011թ. Ուոլ սթրիթում կանխիկ պարգևավճարների ընդհանուր ծավալը կկազմի $19,7 մլրդ, որը 14%-ով զիջում է 2010թ. համապատասխան ցուցանիշը։ Միջին կանխիկ պարգևավճարը նվազել է 13%-ով՝ կազմելով միջինը $121 հազ.։

Ըստ Նյու Յորքի պետական վերահսկիչ վարչության ղեկավար Թոմաս Դինապոլիի՝ պարգևավճարների կրճատումը պայմանավորված է ընկերությունների շահույթների նվազմամբ՝ հատկապես սկսած անցած տարվա երկրորդ կեսից, ինչպես նաև նյույորքյան ներդրումային ընկերությունների գործարքների ծավալների կրճատմամբ։

Դինապոլիի խոսքով՝ ներդրումային բիզնեսը, որը Նյու Յորք քաղաքի և նահանգի տնտեսության կարևոր բաղադրիչներից է, մի շարք խնդիրների է առերեսվել, քանի որ ներկայում ընթանում է տնտեսության հետճգնաժամային վերականգնման և կարգավորիչների նոր պահանջներին հարմարվելու գործընթացը։

Վարչության կանխատեսումների համաձայն՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայում ցուցակված ընկերությունների բրոքերային և դիլերական գործարքներից ստացված 2011թ. շահույթները չեն գերազանցի $13,5 մլրդ-ը։ Այդպիսով՝ 2011-ը կլինի երկրորդ անընդմեջ տարին, երբ Ուոլ սթրիթում նման գործարքներից ստացվող շահույթը նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազում է։ Վարչության տվյալների համաձայն՝ մի շարք ընկերություններ պարգևավճարները կրճատել են 20-30%-ով։

Մյուս կողմից՝ իշխանություններին ներկայացվող հարկային հայտարարագրերը վկայում են, որ այս միջոցառումները չեն հանգեցնի պետական գանձարան մուտքագրվող հարկերի կտրուկ նվազմանը։ Սա, իր հերթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք ընկերություններում ներդրվել է հետաձգված պարգևավճարների ինստիտուտը. այդ պահին դուրս գրված պարգևավճարը հատկացվում է հաջորդող երկու-երեք տարիների ընթացքում՝ կախված այն հանգամանքից, թե ֆինանսական ինչպիսի պայմաններում է տվյալ ընկերությունը։

Վերահսկիչների կարծիքով՝ հետաձգված պարգևավճարների մեծ տարածումը պարգևավճարների որոշակի պաշար է ապահովում, որոնք կվճարվեն մոտ ապագայում՝ «ծածկելով» հարկային մուտքերի հնարավոր անկումը։ Ըստ Դինապոլիի՝ միջին պարգևավճարի $121 հազ. ցուցանիշը ևս վկայում է, որ ընկերություններն առաջվա պես լավ են վարձատրում իրենց աշխատակիցներին։ «Կարելի է սիրել կամ ատել Ուոլ սթրիթը, սակայն այն մեր տնտեսության կարևոր բաղադրիչներից է։ Մարդիկ, որոնք գումարներ են ծախսում, օգնում են մյուսներին»,– հայտարարել է Դինապոլին։

Մեկնաբանել