Մոնոներկայացումն իրական փորձություն է յուրաքանչյուր դերասանի համար։ Ոչ միայն հոգեբանական լարման, ներքին ապրումների, այլև «բեմական միայնության» պատճառով՝ այստեղ հնարավոր չէ թաքնվել ինչ-որ մեկի թիկունքում ու թեկուզ մի քանի վայրկյանով թոթափել հանդիսատեսի անշեղ ուշադրությունը:
Յանուշ Ստոլարսկին «Օրփեոս և Էվրիդիկե»-ն յոթերորդ անգամ էր ներկայացնում իր հանդիսատեսին: Բեմադրության հիմքում լեհ ճանաչված պոետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Չեսլավ Միլոշի համանուն պոեմն է, որը նա գրել է կնոջ՝ Կերոլի մահից հետո:
Պոեմը ոգեշնչել է երեք ստեղծագործողի՝ ռեժիսոր և դերասան Յանուշ Ստոլարսկուն, վիդեոնկարիչ Տոմաշ Յարոշին և երաժիշտ-երգահան Պատրիկ Լիչոտային: Նրանցից յուրաքանչուրը յուրովի է փորձել բացահայտել պոեմի առեղծվածը, պատասխանել հարցերին, որոնք վեր է հանում Միլոշի ստեղծագործությունը։
Չեսլավ Միլոշի պոեմը հին հունական առասպելի յուրահատուկ փոխերգանքն է, որը պատմում է թրակիացի երգիչ Օրփեոսի և նրա կնոջ՝ Էվրիդիկեի մասին, ով մահանում է թունավոր օձի խայթոցից։ Օրփեոսն իջնում է Հադեսի թագավորություն՝ իր քնարի նվագով քնեցնելով Ցերբերին, և համոզում Հադեսին և Պերսեփոնեին վերադարձնել իր սիրելի կնոջը։ Նրանք մի պայման են դնում՝ Օրփեոսը չպետք է նայի կնոջը մինչև թագավորությունը լքելը։ Օրփեոսը խախտում է պայմանը, և Էվրիդիկեն ընդմիշտ կորչում է Հադեսի թագավորությունում։
Օգտագործելով Միլոշի պոետիկ լեզուն՝ ներկայացման հեղինակները փորձում են շարժել հանդիսատեսի երևակայությունը՝ հարցեր հղելով միայնության, համբերության, նվիրումի մասին, ստիպելով խորհել դրանց պատասխանների շուրջ։
Մոնոներկայացման մեջ ավանդաբար մեծ է եղել խոսքի դերը, սակայն վերջերս մոնոժանրն ավելի ու ավելի է հեռանում տեքստային տարբերակից: Ստոլարսկու արվեստին ի սկզբանե բնորոշ չի եղել խոսքը, նրա լեզուն մարմնի չափազանց արտահայտիչ պլաստիկան է: «Ես հասկացել եմ, որ բառերը ստում են, մարմինը՝ երբեք»,– պարզաբանում է դերասանը։
Ներկայացման մեջ օգտագործվում է վիդեո պրոեկցիա, որն արտաբերվում է մի քանի շերտանի շղարշների վրա։ Ստեղծագործողները կիսվում են տեսիլքներով՝ զարհուրելի, ինտիմ, ցնորային, և այս ամենի մեջ Օրփեոսի տառապանքն է։ Ստոլարսկին շփվում է տեսիլքների հետ, փախչում դրանցից, ձգտում դրանց, փորձում գտնել ծանոթ կերպարը: Չնայած տեսաշարը բավական ակտիվ է և իշխող, այն ամենևին չի ստվերում Ստոլարսկուն բեմում:
Ներկայացումն անսպասելի ավարտ ունեցավ։ Հանդիսատեսը ինչ-որ մի պահի կարծեց, թե այն արդեն ավարտվել է, և սկսեց ծափահարել։ Արտիստը բեմ վազեց… ու հանդիպեց լուսանկարչի ֆոտոկայծին և շվարած հանդիսատեսին: Յանուշն էլ չհամբերեց ու լեհերեն ասաց այն ամենը, ինչ մտածում էր կազմակերպիչների մասին, և հեռացավ բեմից:
«Ես կարծում էի, որ մարդիկ հասկանում են, թե ինչ ապրումների մեջ եմ ես այդ պահին. չէ՞ որ ես մեկն էի, ով հենց նոր կորցրեց կնոջը… Ես խնդրել էի Մարիաննա Մխիթարյանին կարդալ ռուսերեն տեքստը ներկայացումից առաջ, սակայն նա ասաց, որ տեսել է ներկայացումը, և համարում է, որ հանդիսատեսը կհասկանա այն առանց տեքստի»,– վրդովմունքը չէր թաքցնում Յանուշը ներկայացումից հետո:
Սակայն բեմադրությունը համատեղ ստեղծագործություն է և ամբողջական է միայն բոլոր էլեմենտների միասնությամբ, որոնցից մեկն էլ Միլոշի կերպարային աշխարհն ու փիլիսոփայությունն է։ Ու ստացվում է, որ հանդիսատեսն ամբողջ ներկայացման ընթացքում անհասկանալի մի մնջախաղ էր դիտում, որն ավարտվեց նույնքան անսպասելի, որքան սկսվել էր…