Օդը չի հերիքում «Արմավիա»-ին

Պարզվում է՝ «Արմավիա»-ն պարտքեր է կուտակել նաև Ռուսաստանում, ինչի հետևանքով Ռուսաստանի ավիացիոն մարմինները դիմել են կտրուկ քայլերի: Այս մասին, սակայն, «Արմավիա»-ն լռում է։ Երեկ, երբ «Արմավիա»-ն գործադուլ էր անում՝ բողոքելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության (ԱՄՕ) գնային քաղաքականությունից, Ռուսաստանի ավիացիոն տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հայտարարեց, որ «Արմավիա»-ն իրեն պարտք է։

Երեկ օրվա երկրորդ կեսին ԱՄՕ-ն հաղորդագրություն տարածեց, որ վերսկսել է «Արմավիա»-ի չվերթների սպասարկումը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած հանդիպումից հետո:

Խնդիրներ նաև ռուսների հետ

«Ռոսավիացիա»-ն «Արմավիա»-ի կուտակած պարտքի պատճառով երեկ ժամանակավորապես դադարեցրել էր այդ ընկերության չվերթների սպասարկումը Ռուսաստանի օդային տարածքում։ Այդ մասին ավելի ուշ «Ռոսավիացիա»-ն հաղորդագրություն տարածեց. «Ավիափոխադրողը պարբերաբար զգուշացվել էր, որ պետք է ժամանակին վճարի աերոնավիգացիոն ծառայությունների համար, և որ ժամկետներում չվճարելու դեպքում ընկերության ինքնաթիռներին կդադարեցվի աերոնավիգացիոն ծառայությունների տրամադրումը ՌԴ օդային տարածքում»։

Ըստ «Ռոսավիացիա»-ի՝ «Արմավիան» չի արձագանքել զգուշացումներին, և երեկ որոշում է ընդունվել դադարեցնել ընկերության ինքնաթիռներին աերոնավիգացիոն ծառայությունների տրամադրումը։ Ավելի ուշ՝ 12։02-ին, «Ռոսավիացիա»-ն «Արմավիա»-ից ստացել է երաշխավորող նամակ, որ վերջինս մինչև մարտի 20-ը պատրաստ է վճարել կուտակած պարտքի մի մասը՝ 2011թ. դեկտեմբերի id=”mce_marker”78 հազ-ը։

«Օրակարգ»-ին «Ռոսավիացիա»-ում տեղեկացրին, որ հաշվի առնելով երաշխավորող նամակը՝ որոշում է ընդունվել վերսկսել հայկական ընկերության օդանավերի սպասարկումը։ «Հուսով ենք, որ հայկական ավիափոխադրողը կկատարի ստանձնած պարտավորությունները նշված ժամանակահատվածում»,– ասացին «Ռոսավիացիա»-ում:

Այս փաստի մասին լռելով՝ «Արմավիա»-ն հայտարարում էր, որ անժամկետ գործադուլ է անում «Զվարթնոց» օդանավակայանի գնային քաղաքականության դեմ: «Արմավիա»-ի մամլո խոսնակ Նանա Ավետիսովան «Օրակարգ»-ին ասաց, թե գործադուլը չի դադարելու, մինչև օդանավակայանի կոնցեսիոները չփոխի գնային քաղաքականությունը։

Հարցին, թե «Արմավիա»-ն իսկապե՞ս պարտքեր ունի «Ռոսավիացիա»-ին, որի պատճառով արգելվել է նրա մուտքը Ռուսաստանի օդային տարածք, Ավետիսովան պատասխանեց, որ եթե պարտք ունեն, ապա ինչու չվերթ չեն իրականացրել դեպի Դուբայ:

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի վեբկայքից երևում է, որ Երևան-Դուբայ չվերթը «Արմավիա»-ն կատարել է ժամը 8:30-ին։ Դուբայ կատարած չվերթը հաստատել էին նաև «Արմավիա»-ի տեղեկատվական կենտրոնում՝ վստահեցնելով, որ Դուբայից մեկնող օդանավը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կլինի 16:10-ին։

Հետևություններ

Երեկվա զարգացումների համադրումից կարելի է ենթադրել, որ «Արմավիա»-ն գործադուլն ավելի շուտ սկսել է ոչ այնքան «Զվարթնոց»-ի գնային քաղաքականության դեմ, որքան այն պարզ պատճառով, որ չէր կարող թռչել Ռուսաստանի օդային տարածքում:

«Արմավիա»-ն Ռուսաստանում պարտք է նաև Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին. վառելիքի պարտքի պատճառով ռուսական այդ օդանավակայանը տևական ժամանակ «Արմավիա»-ի օդանավերը չի լիցքավորում։

Փաստացի, «Արմավիա»-ն պարտքերի պատճառով անհարմարություններ է պատճառում ուղևորներին և որպես կանոն մեղքը փնտրում այլ հարթություններում։

Անցյալ տարվա մարտին կրկին պարտքերի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել էր «Արմավիա»-ի չվերթների սպասարկումը: 2011թ. մարտի վերջին «Զվարթնոց» օդանավակայանի հետ հուշագրի ստորագրումից հետո «Արմավիա»-ի նախագահ Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ չվերթների ուշացումներ այլևս չեն կրկնվի, քանի որ «դա չի բխում ո՛չ «Արմավիա»-ի, ո՛չ էլ «Զվարթնոց»-ի շահերից»։ Նա նաև հայտարարել էր, թե ովքեր շատ վատ են արտահայտվում ավիացիայի հասցեին, ազգի թշնամիներ են և չեն ցանկանում, որ «Հայաստանն այս ծանր պայմաններում դուրս գա ապաշրջափակումից»։

Ստացվում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք «Արմավիա»-ի պարտքի պատճառով անցած տարի երկու անգամ՝ մարտին և նոյեմբերին, մի քանի ժամ չեն սպասարկվել և երեկ էլ չէին կարողանում մեկնել Ռուսաստան, ազգի թշնամիներ ու դավաճաններ են։

Թվեր

«Զվարթնոց» օդանավակայանում մեկ ուղևորի սպասարկման համար ավիաընկերությունից գանձվող վճարը €20 է, Բաքվի միջազգային օդանավակայանում՝ €30, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ €24, իսկ Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում՝ $8,4։ 2011թ. «Զվարթնոց»-ում ուղևորահոսքը կազմել է 1,6 մլն, «Շերեմետևո»-ում՝ 22,6 մլն։

Մեկնաբանել