Fitch-ը դեղին քարտով է սպառնացել Ռուսաստանին
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը Վլադիմիր Պուտինի նախընտրական խոստումները նախագահության վեց տարիների համար $160 մլրդ է գնահատել, ինչը համարժեք է երկրի կանխատեսվող ՀՆԱ-ի 8%-ին։ Գնահատումն առաջին հայացքից բավական պահպանողական է, սակայն գործակալությունը զգուշացրել է, որ նավթի գների անկման դեպքում ծախսերի նման ավելացումը կհանգեցնի Ռուսաստանի ներդրումային վարկանիշի իջեցմանը։
«Չափված» խոստումներ
Պուտինի նախընտրական խոստումների արժեքը գնահատելու Fitch-ի փորձն առաջինը չէ։ Այսպես՝ բրիտանական Capital Economics-ի փորձագետները ՌԴ նախընտրական արշավի ընթացքում կենսաթոշակների և աշխատավարձերի, ինչպես նաև սոցիալական այլ վճարների՝ Պուտինի խոստացած բարձրացումներն առաջիկա վեց տարիների համար գնահատել էին մոտ $164 մլրդ (4,8 տրլն ռուբլի)։ Ռուսական «Սբերբանկ»-ի մակրոտնտեսական ուսումնասիրությունների կենտրոնը Պուտինի՝ առավել ուշագրավ և «չափելի» սոցիալական խոստումները գնահատել էր $174 մլրդ (5,1 տրլն), ինչը համարժեք է ՌԴ պետբյուջեի ծախսային պարտավորությունների՝ տարեկան միջինը 0,85%-ով ավելացմանը։
Փետրվարի վերջին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հրապարակել էր Ռուսաստանի նախագահի հինգ թեկնածուների նախընտրական խոստումների համեմատական գնահատումները՝ ըստ մոսկովյան «Ֆինանսական և հաշվապահական խորհրդատուներ» կազմակերպության փորձագետների հաշվարկների։ Վերջիններիս համաձայն՝ ամենաթանկ խոստումները Սերգեյ Միրոնովինն էին՝ $4,25 տրլն (124,5 տրլն ռուբլի) արժողությամբ։ Նրան հաջորդում էին Գենադի Զյուգանովը՝ $3,77 տրլն (110,6 տրլն ռուբլի), Վլադիմիր Ժիրինովսկին՝ $2,76 տրլն (80,9 տրլն ռուբլի), Վլադիմիր Պուտինը՝ $337 մլրդ (9,9 տրլն ռուբլի), Միխայիլ Պրոխորովը՝ $249 մլրդ (7,3 տրլն ռուբլի)։
Վտանգված վարկանիշ
Ռուսաստանում նախագահական ընտրությունների հաջորդ իսկ օրը Fitch-ը հայտարարեց, որ «ուշիուշով կհետևի» նոր կառավարության՝ տնտեսությունը բարեփոխելու և պետական ծախսերը կրճատելու ջանքերին։
Վարկանշային գործակալությունը հիշեցրել է, որ նախորդ երեք տարիներին ծախսերի արագ աճի հետևանքով ռուսական բյուջեի դեֆիցիտը, առանց նավթագազային եկամուտների, 2011թ. կազմել է ՀՆԱ-ի 10%-ը, այն դեպքում, երբ մինչճգնաժամային ցուցանիշը 4,7% էր։
«Բյուջետային կոնսոլիդացիայի բացակայության պայմաններում նավթի գների էական և կայուն իջեցումը կործանարար ազդեցություն կունենա ռուսական տնտեսության համար և ամենայն հավանականությամբ կհանգեցնի երկրի վարկանիշի իջեցմանը», ասված է Fitch-ի մամլո հաղորդագրությունում։ Այժմ Ռուսաստանի վարկանիշը գործակալությունը գնահատում է BBB մակարդակում, ընդ որում՝ այս հունվարին վարկանիշի կանխատեսումն իջեցվել է մինչև «կայուն» մակարդակ։
Նշենք, որ վերջին տարիներին կտրուկ մեծացել է Ռուսաստանի տնտեսության կախվածությունը նավթի բարձր գներից։ 2012թ. դաշնային բյուջեն կբալանսավորվի միայն նավթի 117 $/բարել գնի պայմաններում, ինչը բավական բարձր է ինչպես միջին տարեկան ցուցանիշներից, այնպես էլ Ռուսաստանի իշխանությունների կանխատեսումներից (110 $/բարել)։ Նշենք նաև, որ ՌԴ ընթացիկ տարվա բյուջեն կազմվել է նավթի 100 $/բարելի գնի հաշվարկով, այն դեպքում, երբ փետրվարին Urals մակնիշի նավթի մեկ բարելի միջին գինը ռեկորդային $118,92 մակարդակում էր՝ գերազանցելով անգամ 2008թ. առավելագույնը։