Բարի գալուստ կառափնարան

Չորս տարի առաջ Իսլանդիայի բանկային համակարգի ծայրահեղ դրությունը իշխանություններին ստիպեց ազգայնացնել խոշորագույն բանկերն ու դիմել արտաքին ֆինանսական օգնության։ 2009թ. Հորդեի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց, իսկ 2010թ. ապրիլին հատուկ հանձնաժողովը բացահայտեց, որ նախկին վարչապետը թաքցրել է երկրի ֆինանսական ինստիտուտների կոլապսի վտանգի մասին տեղեկատվությունը։

Հորդեի դատավարությունը տեղի է ունենում Landsdomur հատուկ դատարանում, որը հիմնվել է պետական պաշտոնյաների գործերը քննելու համար դեռ 1905թ.։ Մինչ այս Landsdomur-ը ոչ մի դատական նիստ չի գումարել։ Այս առումով Իսլանդիայի նախկին վարչապետը կրկնակի առաջատար է՝ նա արդարադատության հատուկ մարմնի առաջին ամբաստանյալն է և բացում է ներկայիս ճգնաժամում մեղավորների պաշտոնական ցուցակը։

Ըստ փորձագետների՝ քանի որ Իսլանդիան Շենգենյան համաձայնագրի անդամ է ու Եվրամիության անդամության թեկնածու, ուստի դատական այս նախադեպը պետք է դիտարկել Եվրամիության ողջ տարածքով մեկ տեղի ունեցող գործընթացների համատեքստում։ Չի բացառվում, որ դատական այս գործընթացը նաև քաղաքական հաշիվներ է մաքրում երկրի ներսում։ Բացի այդ՝ այն ճգնաժամն անհատականացնելու անմիջական հնարավորությունն է։ Եթե համեմատենք ԵՄ կառավարությունների հաշվետվություններն ու վիճակագրական տվյալները, դատի կարելի է տալ Եվրամիության անդամ երկրների գրեթե կեսի կառավարությունների ղեկավարներին։

Ընդ որում՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վերջերս ակնարկում էր, որ եթե Եվրամիությունն իմանար Հունաստանի տասնամյա վաղեմության իրական վիճակագրությունը, երկիրը եվրոգոտում չէր հայտնվի։ Ու եթե հաշվի առնենք այն, որ ամեն ինչ հարթ չէ Ֆրանսիայի վարկային վարկանիշի հարցում, կարելի է եզրահանգումներ անել նաև Փարիզի վիճակագրական խնդիրների շուրջ։ Հարկ է փոքր-ինչ սպասել, ու հավանաբար կմերկացվեն նաև ճգնաժամի հաջորդ մեղավորները։ Նրանց անունները կհրապարակվեն Եվրամիությունից ստացվող կա՛մ լավ, կա՛մ վատ նորությունների ֆոնին։ Կառափնարան տանելը հրապարակային միջոցառում է։

Մեկնաբանել