Մենք կարծես թե վերջնականապես հեռացել էինք միակուսակցական համակարգից: Խորհրդային տարիներին հենց այս միակ կուսակցություն էին մտնում տարբեր ոլորտներում հաջողել ցանկացողները. եթե ուզում ես դառնալ գիտնական, տնօրեն կամ, ասենք, գործարանի ինժեներ, ապա առանց կուսակցական լինելու դա գրեթե անհնար էր: Բարձունքի հասնելու հենց այս կարճ ճանապարհով էլ բազմաթիվ դիլետանտներ 70-80-ական թթ. դարձան, օրինակ, համալսարանների դասախոսներ, և սրանց բացասական ազդեցությունը մեր կրթության որակի վրա մինչ օրս էլ զգացվում է:
Ցավոք, գրեթե նույն գործընթացն այսօր էլ կա՝ պայմանավորված Հանրապետական կուսակցության երկարատև կառավարման, ինչպես նաև համալսարանները «գրավելու» փաստով: Որպես կանոն, հանրապետականացվում են ուսանողական խորհուրդները, համալսարանական պաշտոնների են հասնում անձինք, որոնց արժանիքը ոչ այնքան գիտական պոտենցիալն է, որքան կուսակցական պատկանելությունը:
Այս «ակտիվ» երիտասարդությունը, որ պետական փողերով հաճախ հանգստանում ու զանազան սեմինարների է մասնակցում Սևանի, Ծաղկաձորի կամ Դիլիջանի տարբեր պաշտոնյաներին պատկանող հանգստյան տներում (պետբյուջեի հաշվին հարստանալու ևս մեկ ձև), ոչնչով չի տարբերվում խորհրդային տարիների կոմսոմոլից: Նույն կոմսոմոլի ճանապարհով էլ նրանցից ոմանք ՀՀԿ ցուցակով հայտնվում են խորհրդարանում:
Կուսակցականացման գործընթացից զերծ չեն մնում ուսուցիչները, «զանգվածային մտավորականության» այլ ներկայացուցիչներ: Գլխավոր շեշտը քանակ ապահովելն է, նույնիսկ եթե առաջիկա ընտրություններին այս քանակի մաս կազմողներից շատերը չեն ընտրելու «հարազատ» կուսակցությանը:
Քանակ ապահովելու համար իշխանական և այլ լծակներ օգտագործելն աշխատում է միայն այն ժամանակ, երբ երկրում կա տնտեսական աճ, ամեն օր ստեղծվում են աշխատատեղեր, բարձրանում աշխատավարձեր, ստեղծվում ենթակառուցվածքներ, – մի խոսքով՝ մարդկանց մոտ կան դրական սպասումներ: Այս պայմաններում, երբ ամեն ինչ հակառակն է, երբ մարդիկ անընդհատ ունենում են կորուստներ՝ աշխատանքից զրկվելու, գնաճի, արտագաղթող հարազատի կամ ընկերոջ տեսքով, աստիճանաբար դառնում են բողոքավոր զանգված, իսկ «բռնի» հանրապետականացումն էլ ավելացնում է իշխանությունների նկատմամբ ատելության աստիճանը՝ երկրում ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ:
Որքան էլ զարմանալի թվա, Հանրապետականի միակ փրկությունը պարտությունն է, իմա՝ արդար ընտրությունների անցկացումը: Այս դեպքում կուսակցությունը հնարավորություն կունենա ինքնամաքրվել, կուսակիցների թիվն ավելացնելու համար հրաժարվել ստիպողական մեխանիզմներից, ազատվել ամեն օր էկրաններին հայտնվող, բայց ոչինչ չասող, արդեն դարն ապրած քաղաքական գործիչներից, լուրջ ուշադրություն դարձնել երիտասարդ կուսակցականների կրթության ու մասնագիտացման հարցերին: Հակառակ դեպքում ՀՀԿ-ն պատասխան պետք է տա բողոքավոր զանգվածին, որի մոտ այս տարիներին հաջողել է հսկայական ատելություն առաջացնել: