«Ջազվե»-ին դատի են տվել

Ըստ а1plus.am կայքի՝ Burberry ընկերությունը 2011թ. նոյեմբերի 25-ին նամակով դիմել է «Ջազվե» ՍՊԸ-ին՝ խնդրելով դադարեցնել իրավատիրոջ ապրանքային նշանի օգտագործումը, քանի որ դա «Ջազվե»-ն անում է առանց իր համաձայնության: Burberry Limited ընկերությանը պատկանող և Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից 07.02.2011թ. 16548 համարի տակ գրանցված պատկերային նշանը, առանց իրավատիրոջ թույլտվության, օգտագործվում է «Ջազվե» ՍՊԸ-ին պատկանող սրճարաններում և սննդի օբյեկտներում: A1plus.am-ը նաև հաղորդում է, որ «Ջազվե» ՍՊԸ-ն, ժամանակ ձգձգելով, 2011թ. դեկտեմբերի 2-ին դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն՝ Burberry Limited-ին պատկանող ապրանքային նշանը նույնությամբ այլ դասերի տակ գրանցելու համար, ինչը նպատակ է հետապնդել հետագայում խոչընդոտել Burberry Limited ընկերության կողմից նրա ապրանքային նշանի պաշտպանությունը:

Burberry Limited-ն ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը արգելելու պահանջով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հայցը 2012թ. փետրվարի 17-ին ընդունվել է և գտնվում է դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Ջազվե» սրճարանների ցանցը պատկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանին, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է:

Ուշագրավ է, որ «Ջազվե»-ին դատի է տալիս ոչ թե Հայաստանում Burberry-ի պաշտոնական ներկայացուցիչ «ԻՄԷՔՍ գրուպ»-ը (հայտնի է «Իդեալ» խանութների ցանցով), այլ Burberry-ի լոնդոնյան գլխամասը։

Ամբողջ խնդիրն այն է, որ «Ջազվե»-ն սրճարանները կահավորելիս օգտագործել է կտոր և պաստառներ, որոնք առաջին իսկ հայացքից նույնացվում են Burberry-ի պատկերանշանների հետ։

Մեկնաբանել