Հասարակական այս կազմակերպությունները, հիշեցնենք, մեղադրվել էին արտերկրից, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից անօրինական ֆինանսական օգնություն ստանալու մեջ։
Օտարերկրացի իրավապաշտպանների (որոնց բանտարկություն էր սպառնում) ազատ արձակումը շատերը Եգիպտոսում գնահատեցին որպես ազգային հպարտության նվաստացում։ Առավելևս, որ նույն այդ կազմակերպությունների եգիպտացի աշխատակիցները այսօր էլ կալանավորված են, ազատ արձակել նրանց ոչ ոք չի պատրաստվում։
Եգիպտացի պատգամավորներն առաջարկել են անգամ անհապաղ ցրել կառավարությունը։ Սակայն պարզվել է, որ անցյալ տարվա գարնանն ընդունված Սահմանադրական հռչակագիրը խորհրդարականներին նման լիազորություն չի ընձեռում։ Գործադիրին իր պարտականությունների կատարումից ազատել կարող է միայն Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար մարշալ Հուսեյն Տանտաուին։
Իսկ զինվորականները հայտարարել են, որ ներկայիս կառավարությունը կշարունակի աշխատել, քանի դեռ չի ընտրվել նոր նախագահ։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը Եգիպտոսում նշանակված է 2012թ. մայիսի 23-24-ին։
Եգիպտական նորընտիր խորհրդարանի գործողությունները կարելի է պոպուլիստական գնահատել, դրանք ուղղված են հագուրդ տալու Արևմուտքի նկատմամբ բացասաբար տրամադրված ընտրազանգվածի տրամադրություններին։ «Գոյություն ունի զինվորականների ու «Մուսուլման եղբայրներ»-ի դաշինք։ Նման սպառնալիքները լուրջ ընդունել պետք չէ»,– ռուսական «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԳԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից Բորիս Դոլգովը։
Նրա խոսքով՝ զինվորականները, ի դեմս «Մուսուլման եղբայրներ»-ի, տեսնում են մի ուժի, որը թույլ չի տա «ընդարձակվել» մուսուլմանական փողոցին։ Իշխանության գլուխ կանգնած զինվորականներն էլ, իրենց հերթին, զսպում են ժողովրդավարական ու լիբերալ հոսանքների ազդեցությունը խորհրդարանի վրա։
Այդուհանդերձ, սա հարկադիր դաշինք է, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է հակառակորդի ուժերը։ Առայժմ նախաձեռնությունն իսլամիստներինն է։ Համենայնդեպս, թե՛ Պորտ Սաիդում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգություններում, թե՛ հասարակական կազմակերպությունների աշխատակիցների արտաքսման մեջ մեղավորի դերում իշխանությունն է։ Ուստի առաջիկայում պիտի պատասխան քայլ ակնկալել զինվորականներից։
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Եգիպտոսի իսլամականացման գործընթացը, որը սկսվել է Հոսնի Մուբարաքի աշխարհիկ վարչակարգի տապալումից հետո, ի զորու չէ կանգնեցնել արդեն ոչ ոք։ Ինչպես խորհրդարանը, այնպես էլ զինվորականները ստիպված են հաշտվել եգիպտական հասարակության տրամադրությունների հետ՝ կա՛մ «նվագակցելով» դրանց, կա՛մ էլ թեժացնելով հակաարևմտյան հիստերիան՝ քաղաքական սեփական նպատակներին հասնելու համար։