Հին Երևանը տարածք է որոնում

Երեկ Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է ՀՀ-ի անունից երեք ընկերությունների («Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ» և «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան») հետ կնքել Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։

«Պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ և մասնավոր ներդրումների հաշվին կորսված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր»,– նշված է որոշման նախագծում։

Ակնկալվում է, որ այս ամենի արդյունքում հնարավոր կլինի ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը. ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի՝ Բուզանդի, Կողբացու, Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը։

Ինչպես ավելի բարձր ստացվեց

Կառավարության այս որոշումն ավելի շատ տեխնիկական է, քանի որ դեռ 2008թ. և 2009թ. որոշումներով այդ տարածքները ճանաչվել էին բացառիկ գերակա հանրային շահ, և տարածքի ձեռք բերող էին ճանաչվել այս երեք ընկերությունները, ինչպես նաև «Ավիա-Սերվիս» ընկերությունը։ Ընկերությունները, բացառությամբ վերջինի, այդ տարածքների սեփականատերերի հետ տարել են որոշակի աշխատանքներ։ «Ավիա-Սերվիս»-ն ըստ էության դուրս է մնացել այս գործընթացներից, և հիմա այդ ընկերության կողմից ձեռք բերվելիք տարածքների վերաբաշխում է տեղի ունենալու։

Նշենք, որ 2005թ. «Հին Երևան» նախագծի համաձայն՝ երեք տարվա ընթացքում, այսինքն՝ ամենաուշը մինչև 2009թ., պետք է վերակառուցվեր 19 շենք, որոնք ժամանակին ապամոնտաժվել են խարխուլ վիճակի կամ քաղաքաշինական նոր ծրագրերին խանգարելու պատճառով: Հին շենքերի հետ պետք է որ վերականգնվեին նաև հին Երևանին բնորոշ բակերը: Ծրագրում պետք է համադրվեին հին ճարտարապետությունն ու ժամանակակից շինարարական լուծումները: Մասնավորապես՝ կառուցվելու էր 1400 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկանգառ:

Թե որքանով «Հին Երևան»-ը կլինի նախագծով նախատեսվածի շրջանակում, ցույց կտա ժամանակը։ Խնդիրն այն է, որ «Հյուսիսային պողոտա»-ի շենքերի բարձրությունը, Կառավարության 2000թ. որոշման համաձայն, պետք է լիներ 20-25 մետրի սահմաններում, այսինքն Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկրորդ հարկաշարքի առավելագույն բարձրությամբ (25 մ):

Սա նշանակում է, որ պողոտայի շենքերը առավելագույնը կարող էին լինել 7-հարկանի։ Բայց Երեւանի այն ժամանակվա և ներկա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի օրոք որոշվեց պողոտայի 24 մ լայնությունը դարձնել 27 մ, և դրա հաշվին առաստաղային բարձրություն ընդունվեց 9 հարկը։ Արդյունքում ստացվեց, որ պողոտայի շենքերն ավելի բարձր են, քան Օպերայի շենքը։

Մեկնաբանել